Ուկրաինան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վերսկսել է Ռուսաստանից գազի ներմուծումը, հաղորդում է տեղի հեռուստատեսությունը՝ վկայակոչելով «Ուկրտրանսգազ» ընկերությանը: Ավելի վաղ նախատեսվում էր ռուսական գազի մատակարարումները վերսկսել դեկտեմբերի 11-ից, բայց «Նաֆտոգազ Ուկրաինի» ընկերությունը վերաձեւակերպել է հայտը:

Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը հայտարարել է, որ Ուկրաինան դեկտեմբերի 8-ին կսկսի վճարված ռուսական գազի ստացումը: «Ուրբաթ օրը «Գազպրոմին» մեկ մլրդ խմ գազի համար վճարվել է եւ երկուշաբթի օրվանից մենք կսկսենք գազի ստացումը»,-ասել է Դեմչիշինը:

Շաբաթ գիշերը «Նաֆտոգազ Ուկրաինի» ընկերությունը հայտարարել է, որ իրենք դեկտեմբերի համար կանխավճար են փոխանցել ռուսական կողմին: Ավելի ուշ ռուսական «Գազպրոմը» հաստատել է, որ Ուկրաինայից 378 մլն դոլարի վճարում է կատարվել:

Ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն, Ուկրաինայի համար գազի գինը 2014-ի 4-րդ եռամսյակի համար կազմում է 378 դոլար՝ հազար խմ-ի համար: Այսպիսով, «Նաֆտոգազ Ուկրաինի» ընկերությունը նախապես վճարել է  մեկ մլրդ խմ-ի համար: