Մի քանի անգամ ավելացել է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աբխազական երկաթուղու միջոցով երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ բանակցային գործընթացի հաջողության հավանականությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Ռուսաստան-Հայաստան ինտեգրում գլոբալ ճգնաժամի ֆոնին» զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ նկատի է առնվում ոչ միայն Վրաստանը, ոչ միայն Աբխազիան, Ռուսաստանն ու Հայաստանը, այլ նաեւ, օրինակ Թուրքիան, որտեղից պատժամիջոցների պատերազմը սկսվելուց հետո ավելացել է դեպի Ռուսաստան բեռների հոսքը: «Ես կարծում եմ, որ մեր քաղաքական շրջանակների, հասարակական կազմակերպությունների գլխավոր խնդիրը այս թեմայի շուրջ շատ քննարկումներ անցկացնելն է: Այս հարցը պետք է քննարկել բոլոր մակարդակներում. առանց ընդհանուր եվրասիական տարածքի հետ տրանսպորտային հաղորդակցության այդ բարելավման, մենք մեզ այդ կառույցի լիարժեք անդամ չեք կարող զգալ», - ընդգծեց Արամ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահի հետ Սոչիում կայացած բանակցությունների ժամանակ հայտարարել էր. «Հնարավոր ենք համարում այլ գործընկերների հետ մտածել եւ, ընդհանուր համաձայնության դեպքում, իրականացնել այնպիսի նախագիծ, ինչպիսին է, օրինակ, Սուխում-Թբիլիսի ուղղությամբ տարանցիկ երկաթուղային հաղորդակցությունը»: Դա, իր հերթին, հնարավորություն կընձեռի վերականգնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը: