Korean Air ավիաընկերության փոխնախագահը հրաժարական է տվել օդանավում ընկույզի սխալ մատուցման պատճառով:
Ավիաընկերության ղեկավարն ընդունել է սեփական դստեր հրաժարականը, իսկ ընկերության ղեկավարությունը ուղեւորներից ներողություն է խնդրել չվերթն ուշացնելու համար, հայտնում է «Daily Mail»-ը:
Ընկերության փոխնախագահ Հիթեր Չոյին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում՝ թռիչքների անվտանգության մասին օրենքը խախտելու պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեփականատիրոջ դուստրը դժգոհ է մնացել, թե ինչպես են իրեն մատուցել ընդեղեն: Ըստ տեղի մամուլի՝ Չոն վրդովվել է, որ ընդեղենը ոչ թե ափսեով են մատուցել, այլ՝ թղթե տուփով: Ընկերության սեփականատիրոջ դուստրը օդանավից հեռացրել է ավագ ուղեկցորդին՝ օդանավում ուղեւորներին սպասարկելու օրենքները խախտելու համար: Արդեն թռիչքի պատրաստված օդանավը ստիպված էր եղել կրկին վերադառնալ սպասասրահի մոտ:




























