Շվեյցարական ընկերությունը ծառայություն է մատուցում, որի շնորհիվ մահացողի հարազատները կարող են դիակիզումից հետո վերջինիցս հիշատակ ունենալ: Սակայն խոսքն աճյունասափորի մասին չէ: Ընկերությունն առաջարկում է դիակիզումից մնացած մոխիրը վերածել «հիշատակի ալմաստի»:

Անսովոր «հուշանվերը» պատրաստվում է 1600-2000 ջերմաստիճանի պայմաններում, արժեքը սկսվում է 2800 ֆունտից, գրում է The Daily Mail-ը:

Դիակիզումից հետո մոխիրը շուրջ 2,5 կգ է կշռում: Ածուխն առանձնացվում է, տաքացվում եւ վերածվում գրաֆիտի: Իր հերթին գրաֆիտը սկսում է ճնշման ենթարկվել, ինչից էլ առաջանում է ալմաստը:

Ըստ ընկերության հաճախորդներից մեկի՝ նման որոշումը հեշտ չի կայացվում: «Կարծում եմ՝ հորս դուր կգար, որ ինքը մնալու է մեզ մոտ՝ որպես արժեքավոր հիշատակ»,-ասել է նա: