Ամերիկյան Միսուրի նահանգում չորեքշաբթի առավոտյան մահապատժի է ենթարկվել 48-ամյա Փոլ Գուդվինը, ով 1998 թվականին մուրճով սպանել էր հարեւանուհուն: Այս մասին տեղեկացնում է AP գործակալությունը:

Սա այս տարի արված արդեն տասներորդ մահացու ներարկումն է: Այսպիսով, մահապատիժների իրագործման թվով Միսուրին հավասարվել է Թեխասի հետ: Ըստ «Ինտերֆաքս»-ի, թույնը ներարկելուց հետո Գուդվինը շուրջ 8 րոպե է ապրել:

Դատապարտյալի փաստաբանները, որոնք վճիռը բողոքարկել էին ԱՄՆ Գերագույն դատարանում, վկայակոչում էին Գուդվինի ինտելեկտի ցածր մակարդակն ու նրա ոչ լիարժեք ադեկվատությունը:

Սակայն բարձրագույն դատական ատյանն այդ փաստարկները համոզիչ չի համարել եւ մերժել է բողոքարկումը: Գործին վերջ է դրել նահանգապետ Ջեյ Նիքսոնը՝ մերժելով ներման մասին խնդրանքը: