Մեծ Բրիտանիան մտադիր է  օգնել մանկապղծության դեմ պայքարով զբաղվող հետախուզական ծառայությունների աշխատակիցներին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով երեխաների պաշտպանությանը նվիրված համաժողովին:

Նա հայտնել է, որ նոր օրինագիծ է մշակվել, որը խստացնում է այդ բնագավառում կատարված հանցագործությունների համար պատիժը: Համացանցում մանկական պոռնկագրության տարածման դեմ պայքարին կմիանան հետախուզական վարչությունների մասնագետները:

Մասնավորապես, կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը «կորսա» «առցանց» մանկապիղծներին՝ նույն մեխանիզմով, որով որոնում են ահաբեկիչներին, հայտնել է Քեմերոնը:

Ահաբեկչության դեմ պայքարի ազգային գործակալությունը հաջորդ տարի մինչեւ 10 մլն ֆունտ ստեռլինգ կստանա համապատասխան մասնագետներ պատրաստելու համար: Նաեւ երեխաների պաշտպանության նոր հիմնադրամ կստեղծվի, որտեղ հինգ տարվա ընթացքում կներդրվի շուրջ 50 մլն ֆունտ ստեռլինգ:

Համացանցային մանկապիղծներին մի շարք դեպքերում կարող է մինչեւ 2 տարվա ազատազրկում սպառնալ: Երեխայի հետ ցանկացած առցանց շփում, որը սեռական բնույթի կլինի, կճանաչվի անօրինական, ասել է վարչապետը:

Քեմերոնի խոսքով՝ երեխաների սեռական շահագործումն ամբողջ աշխարհում գրեթե արդյունաբերական ծավալների է հասել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: