NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Իսպանիայի խորհրդարանի Ստորին պալատի բասկ անդամ Խոն Ինյարիտուի եւ Իսպանիայի Սենատի բասկ անդամ Ուրկո Այարցիի՝ «New Eastern Europe» ամսագրում հրապարակված հոդվածը:
2014 թվականի նոյեմբերի 12-ին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի մահացու խախտում գրանցվեց, երբ ադրբեջանական ուժերը կործանեցին չճանաչված հանրապետության անզեն ուղղաթիռը՝ սպանելով անձնակազմի բոլոր երեք անդամներին: Դրա հետեւանքով կողմերի միջեւ լարվածությունն աճեց, իսկ Ադրբեջանն արգելեց դուրս բերել մարմինները, այսպես կոչված, «ոչ ոքի չպատկանող հողում» ընկած ուղղաթիռից: Դա անհանգստացրեց միջազգային հանրությանը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ միջազգային հանրությունը կրկին շատ մեղմ լեզու կիրառեցին ուղղաթիռի կործանման հետ կապված: Ակնհայտ փաստերից խուսափումն ուժեղացնում է այն, ինչն Ադրբեջանը ճիշտ է համարում, որը ներառում է կանոնավոր գնդակոծությունները, հրադադարի ռեժիմի խախտումն ու անդադար սպառնալիքները: Այսպիսով, Ալիեւի ռեժիմը նաեւ ճիշտ համարեց մարմինները դուրս բերելու համար ուղղաթիռի կործանման վայր ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմի Խաչի ներկայացուցիչների մուտքն արգելելը: Նման անպատասխանատու վերաբերմունքը կարող էր հանգեցնել ծանր հետեւանքների:
Վերջապես, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը համարձակ գործողություն իրականացրեց եւ առանց կորուստների հաջողությամբ դուրս բերեց ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների մարմինները՝ այդպիսով խուսափելով իրավիճակի հետագա սրացումից: Կարելի էր այլ արձագանք ակնկալել, սակայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը սահմանափակվեց մարմինները դուրս բերելով եւ չդիմեց վրեժխնդրության: Որքան էլ պարադոքս թվա, հենց այդ ռազմական գործողությունն այս անգամ կանխեց լայնածավալ պատերազմը, որն աղետալի հետեւանքներ կունենա ինչպես տարածաշրջանի, այնպես էլ նավթից կախում ունեցող արեւմտյան տնտեսության համար: Ոչ ոք չի կարող ասել, որ հաջորդ անգամ նույնը կլինի:
Այդ համատեքստում միջազգային այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են, օրինակ, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն եւ այլն, ձեւակերպումները, որոնցում նրանք «կոչ են անում երկու կողմերին», «դիմում են կողմերին՝ կոչ անելով խուսափել քայլերից», ավելի ու ավելի անհամարժեք են թվում: Միջազգային հանրությունը պետք է ավելի ուղղակի լեզու օգտագործի, քանի որ հակառակ դեպքում կարող է բերել ավելի մեծ հիասթափության եւ, որ ավելի վտանգավոր է, անարդարության, լքվածության զգացողության՝ ճանապարհ հարթելով նրա համար, ինչից մենք փորձում ենք խուսափել, մասնավորապես՝ «ինքդ արա» որոշման: Հույս ունենք, որ երեք օդաչուների ողբերգական մահը բոլորին կօգնի հասկանալ, որ հատկապես դիվանագիտության մեջ կարեւոր է նաեւ իրերն իրենց անուններով կոչել:




























