Արդարացիորեն ասած, այսօր քչերն են մտածում ժամանակակից Սաուդյան Արաբիայից հարավ՝ Կարմիր ծովի ափին գտնվող միջնադարյան Յեմենի իրադարձությունների մասին: Սակայն հենց այնտեղ է միջնադարում ստեղծվել բազմալեզու բառարան, որում ընդգրկվել է նաեւ հայերենը:
«100 Years, 100 Facts» նախագծի կայքի փոխանցմամբ, 13-րդ եւ 14-րդ դարերը մոնղոլական նվաճումների դարաշրջանն էին՝ Չինաստանից մինչեւ Եվրոպա, ինչպես նաեւ Կիլիկիայում հայկական եկեղեցու վերջին ժամանակահատվածը: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Արեւելքն ու Արեւմուտքը ցամաքային ակտիվ առեւտրով սերտորեն կապված էին միմյանց հետ:
Այդ կոսմոպոլիտական մթնոլորտի դրսեւորումներից մեկը տեղ է գտել Յեմենի Ռասուլիդների դինաստիայից ալ-Մալիքի ալ-Աֆդալ ալ-Աբաս թագավորի օրոք, ով կառավարել է 1363-1377 թվականներին: Չնայած այդ ժամանակ տարածաշրջանի հիմնական լեզուների, մասնավորապես՝ արաբերենի, թուրքերենի եւ պարսկերենի բառարան ունենալը նորմալ էր, սակայն վեց լեզուների բառարանը բավական հազվագյուտ երեւույթ էր: «Ռասուլիդների հեքսագլոտում», ինչպես հիմա այն կոչում են, ավելի քան հազար արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, մոնղոլերեն, հունարեն եւ հայերեն բառեր են թվարկվում:
Այդ փաստաթուղթը հայտնաբերվել է 1960-ական թվականներին, եւ շուրջ 30 ու ավելի տարի է պահանջվել այն ուսումնասիրելու, թարգմանելու եւ որպես գիտական աշխատություն հրատարակելու համար: Հատկանշական է, որ այդ ժամանակ հայերենը Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային նշանակալի լեզու է համարվել:
Հարկ է նշել նաեւ փաստը, որ «Ռասուլիդների հեքսագլոտն» արաբերեն է գրվել. հազվադեպ կարելի է տեսնել հայերեն բառեր՝ արաբերեն տառերով (հունարենը նույնպես արաբերեն է գրվել): Տառադարձության համակարգը մատնանշում է, որ հայերենի կիլիկյան բարբառը, որը մոտ է ժամանակակից արեւմտահայերենին, Յեմեն է հասել 14-րդ դարում:




























