ԱՄՆ-ի շուկայից 2014 թվականին տարբեր թերությունների պատճառով շուրջ 60.5 մլն ավտոմեքենա է հետ կանչվել: Այդպիսով, գրեթե երկու անգամ գերազանցվել է մեքենաների հետ կանչման նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2004 թվականին. այդ ժամանակ ավտոարտադրողները ստիպված էին եղել հետ կանչել 30.8 մլն ավտոմեքենա:
Այս տարի ամենաշատը հետ է կանչվել ամերիկյան խոշորագույն General Motors ավտոարտադրողի արտադրանքը: Ընկերությունը 27 մլն մեքենա հետ է կանչել՝ ավտոմեքենան գործի դնելու համակարգի թերության պատճառով: Դրա հետեւանքով 42 մարդ է զոհվել, եւս 58 հոգի վնասվածքներ է ստացել:
Մեքենաները զանգվածաբար հետ կանչելու պատճառներից մեկն էլ դարձել է ճապոնական Takata ընկերության արտադրած անվտանգության բարձիկների թերությունների պատճառով, ինչի հետեւանքով ԱՄՆ-ում 4 մարդ մահացել է, ավելի քան 100-ը՝ տուժել: Այդ թերության պատճառով ԱՄՆ-ից հետ է կանչվել շուրջ 15 մլն ավտոմեքենա, իսկ ամբողջ աշխարհից՝ 22 մլն:
ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Bloomberg-ին, գրում է, որ նման իրավիճակի պատճառների թվում են ղեկի կառավարման, քրուիզ-կոնտրոլի, շարժիչների եւ անվտանգության գոտիների հետ կապված թերությունները:




























