Արգենտինայի դատարանը որոշել է, որ Բուենոս Այրեսի կենդանաբանական այգու բնակիչ էգ օրանգուտանգը ապօրինաբար է զրկվել ազատությունից: Կայացված վճռի համաձայն՝ կենդանին պետք է ազատություն ստանա, փոխանցում է BBC News-ը:
Հայցը ներկայացրել է AFADA կազմակերպությունը, որն զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ: Ըստ ակտիվիստների՝ Սանդրա մականվամբ էգը պետք է ունենա նույն իրավունքները, ինչ եւ մարդը: Նրանք պնդում են, որ օրանգուտանը բավականին ճանաչողական ունակություններ ունի՝ անհատականություն ձեւավորելու համար, փոխանցում է Reuters-ը:
Դատարանը համաձայնել է պաշտպանների փաստարկների հետ՝ խոստովանելով, որ վերջին 20 տարում կենդանաբանական այգում գտնվող էգն ապօրինաբար է զրկվել ազատությունից: Եթե այս որոշումը չվիճարկվի, ապա կենդանուն կուղարկեն Բրազիլիայի արգելոցներից մեկը:
Կենդանաբանական այգու մասնագետ Ադրիան Սեսթելոն նշել է, որ օրանգուտանգները մեկուսացած կենսակերպ են վարում եւ այլ կապիկների հետ շփվում միայն բազմանալու եւ իրենց սերնդի մասին հոգ տանելու նպատակով: Ըստ նրա՝ ամենատարածված սխալներից է կենդանու վարքի նմանեցումը մարդկայինին:




























