Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղապահների, նրանց տեղաբաշխման վայրերի ու քանակի, այլ հարցերի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ համաձայնեցված լինեն կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների խնդիրները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Իրավունք» թերթին տված հարցազրույցում:

«Դրանից հետո տարածքների շուրջ կարող են բանակցել Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Չէ որ ԼՂՀ Մարտունու եւ Մարտակերտի շրջանների որոշ հատվածներ, ինչպես նաեւ Շահումյանի շրջանը առ այսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»,- նշել է փոխարտգործնախարարը:

Շավարշ Քոչարյանը նշել է նաեւ, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության անհնարին է որեւէ առաջընթաց: «Հայաստանը չի կարող իրենով փոխարինել ԼՂՀ-ին: Թե՛ փաստաթղթերի ձեւավորումը, թե՛ դրանց ստորագրումը, թե՛ իրագործումը, անհնարին է առանց ԼՂՀ-ի»,- ասել է Քոչարյանն ու մանրամասնել. «Այն պահից, երբ Ադրբեջանը դադարի համառորեն մերժել ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին, դա կլինի ազդանշան, որ Բաքուն իրոք գնում է կարգավորման: Սակայն Ադրբեջանը դա մերժում է եւ բանակցային գործընթացը օգտագործում է զուտ որպես սեփական քարոզչության միջոց եւ առիթ»: