Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 9-ին ընդունել է Շվեյցարական Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Մաուրերին:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, թե հայ-շվեյցարական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, պահպանվում է ակտիվ քաղաքական երկխոսություն` ինչպես երկկողմ հանդիպումների ձեւաչափով, այնպես էլ միջազգային ատյանների շրջանակներում:
Շվեյցարիայի ԱԳ պետքարտուղարը վստահեցրել է, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հաստատված բարեկամական համագործակցության ընդլայնման, եւ դրանով էր պայմանավորված Երեւանում շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:
Զրուցակիցներն անդրադարձել են առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` կարեւորելով այդ բնագավառում գործարար շրջանակների նախաձեռնությունները եւ համաժողովների անցկացումը:
Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի միջնորդական ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Շվեյցարիայի ԱԳ պետքարտուղարը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ:
Այդ ենթատեքստում հյուրի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Պետեր Մաուրերը այցելել է նաեւ ԱԳՆ դիվանագիտական դպրոց, ուր հանդես եկավ Շվեյցարիայի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ:




























