Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը
Ինչպիսի՞ն էր 2014 թվականը Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության համար: Ինչպիսի՞ ձեռքբերումներ եւ բացթողումներ կային:
2014 թվականին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունը, ինչպես եւ նախորդ տարիներին, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն էր: Այդ իմաստով տարին բավական արդյունավետ էր. ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում վերջին տարիների դրական միտումները շարունակվեցին նաեւ անցյալ տարի: Այսպես, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւ ընդունեց ամերիկյան Կալիֆորնիա նահանգը՝ դառնալով Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից, Մենից եւ Լուիզիանայից հետո հինգերորդ նահանգը, որը պաշտպանեց ԼՂՀ անկախությունը: Հիշեցնեմ, որ ավելի վաղ՝ 2012 թվականին, նման բանաձեւ էր ընդունել Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը:
ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն անցյալ տարի ներառեց նաեւ եվրոպական մայրցամաքը: Արցախի ինքնորոշման իրավունքի մասին բանաձեւ ընդունեց Բասկերի Երկրի (Իսպանիա) խորհրդարանը: ԼՂՀ-ն որպես անկախ պետություն ճանաչելու մասին հայտարարեց նաեւ Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի նախագահը:
Աշնանը Նավարայի խորհրդարանի խոսնակների խորհուրդը (Իսպանիայի ինքնավար մարզ) հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր կողմ հանդիսանան ցանկացած ձևաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ երկրի ապագայի համար:
Զգալիորեն ընդլայնվեցին Արցախի եւ օտարերկրյա տարբեր համայնքների միջեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակները: Այսպես, անցյալ տարի Բարեկամության հռչակագրեր են ստորագրվել Ֆրանսիայի Վիեն, Բուրգ լե Վալանս, Բուկ Բել Էր եւ Արցախի Հադրութ, Շուշի եւ Ասկերան քաղաքների միջեւ: Քարվաճառի եւ Հադրութի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին նման հռչակագրեր են ընդունվել նաեւ ամերիկյան Պիկո Ռիվերա եւ Բըրբանք քաղաքների կողմից: Համագործակցության մասին Համաձայնագիր է ստորագրվել նաեւ Ստեփանակերտի եւ Դոնոստիայի միջեւ (Բասկերի Երկիր): Այսպիսով, ներկայումս արցախյան համայնքների հետ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրեր են ստորագրվել չորս ամերիկյան եւ հինգ եվրոպական քաղաքների հետ, ինչը հնարավորություն է ընձեռում համագործակցել եւ տարբեր ծրագրեր իրականացնել մշակույթի, կրթության, սպորտի, առեւտրի եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում:
Բացի Լիտվայի խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի եւ Ֆրանսիայում Բարեկամության շրջանակի, որը կազմված է սենատորներից, խորհրդարանի անդամներից եւ հասարակական-քաղաքական գործիչներից, անցյալ տարի Եվրախորհրդարանում Արցախի հետ Բարեկամության խումբ ձեւավորելու գործընթաց է սկսվել, որն ավելի հստակ ուրվագծեր կստանա արդեն այս տարի:
Օրակարգում է մնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ 2014 թվականին նույնպես ադրբեջանական իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով չհաջողվեց այդ հարցում իրական առաջընթացի հասնել: Ինչպես գիտեք, անցյալ տարվա մայիսին լրացավ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի 20 տարին, որը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ:
Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելու 20-րդ տարեդարձը լավ հնարավորություն էր ընձեռում բացառապես խաղաղ ճանապարհով հակամարտությունը լուծելու՝ կողմերի հավատարմությունը հաստատելու համար: Դրա հետ կապված, ԼՂՀ իշխանությունները վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացման եւ կայունության ու կանխատեսելիության ապահովման իրենց առաջարկները: Սակայն Ադրբեջանը ոչ միայն հրաժարվեց այս առաջարկներից՝ չնայած միջնորդների աջակցությանն ու միջազգային հանրության կոչերին, այլեւ գնաց ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման ճանապարհով: Խոսքը ե՛ւ ադրբեջանական կողմի ամռանը ձեռնարկած մի շարք դիվերսիոն գործողությունների ու ԼՂՀ տարածք ներթափանցելու փորձերի, ե՛ւ ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի՝ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման մասին է: Իր գործողություններով Ադրբեջանը միայն ավելի բարդացրեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարը եւ հետ նետեց կարգավորման գործընթացը:
Արտերկրում ԼՂՀ նոր ներկայացուցչությունների բացում նախատեսվու՞մ է: Քանի՞ երկրներում եւ քաղաքներում արդեն ներկայացուցչություններ կան:
Արցախի Հանրապետությունը մշտական ներկայացուցչություններ ունի Հայաստանում, Գերմանիայում, Ավստրալիայում, Լիբանանում, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: Մեր ներկայացուցիչները հետեւողական գործունեություն են ծավալում՝ այդ երկրներում Արցախի շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու, մեր հանրապետության մասին օբյեկտիվ, հավաստի տեղեկություն տարածելու ուղղությամբ:
Արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների գործունեության առաջնահերթ ուղղությունը, իհարկե, Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ընդլայնմանը նպաստելն է: Առաջադրված խնդիրների շարքում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ մեր երկրի տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելը:
ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների բացումն ինքնանպատակ չէ: Առաջին հերթին դիտարկում ենք քայլեր իրականացնելու հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն արդեն գոյություն ունեցող ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, միաժամանակ չենք բացառում մոտ ապագայում նոր ներկայացուցչություններ բացելու հնարավորությունը:
Ձեր կարծիքով, հայկական կողմը և Սփյուռքը բավարար ջանքեր գործադրո՞ւմ են ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ:
ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը համահայկական նշանակության այն հարցերից է, որոնց շուրջ համախմբված են ամբողջ աշխարհի հայերը: Վստահ եմ, որ պետականաշինության գործում ԼՂՀ ձեռքբերումների միջազգային մակարդակով ճանաչումն անհնար է առանց բոլոր հայերի համատեղ ջանքերի՝ անկախ նրանց բնակության վայրից:
Կարելի՞ է խոսել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումների լիարժեք համընկնման մասին:
Ե՛վ ԼՂՀ-ն, ե՛ւ ՀՀ-ն կիսում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոդելի միասնական տեսլականը: Միաժամանակ, դա չի բացառում այդ նպատակին տարբեր ճանապարհներով հասնելու հնարավորությունը:
Ինչ եք կարծում, առաջիկայում հնարավո՞ր է բանակցային գործընթացին ԼՂՀ-ի լիարժեք մասնակցությունը: Եվ հակառակը, արդյո՞ք հաջող կլինեն առանց ԼՂՀ-ի մասնակցության անցկացվող բանակցությունները:
Ակնհայտ է, որ հակամարտության կարգավորման գործընթացքում իրական առաջընթացի կարելի է հասնել՝ միայն հաշվի առնելով առկա իրողությունները եւ բանակցայի գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման պայմանով՝ դրա բոլոր փուլերին ԼՂՀ-ի անմիջական եւ ուղղակի մասնակցությամբ: Ցանկանում եմ ընդգծել, որ խոսելով բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության մասին՝ մենք ելնում ենք հակամարտության կարգավորման շահերից: Բանակցությունների սեղանին հակամարտության հիմնական կողմերից մեկի՝ ԼՂՀ-ի բացակայությունը խնդրահարույց է դարձնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելը: Վստահ ենք, որ բանակցություններին ԼՂՀ-ի անմիջական մասնակցության վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերի շահերից է բխում:
Այսօր դրա միակ խոչընդոտը պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է եւ նրա՝ առկա իրողությունները ճանաչելու ցանկության բացակայությունը:
Ինչպիսի՞ն է Ադրբեջանից հայ փախստականների իրավիճակը ԼՂՀ-ում:
Փախստականները սկսել են տարածաշրջանում հայտնվել հակամարտության սրմանը զուգահեռ, որը հետեւանք էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ուժային ճանապարհով ճնշելու՝ Ադրբեջանի փորձերի: 1988-90-ականներին Ադրբեջանից ավելի քան 120 հազար հայ փախստական ժամանեց Լեռնային Ղարաբաղ, որոնց շուրջ 30 հազարը բնակություն հաստատեց ԼՂՀ-ում եւ շարունակում է այստեղ ապրել մինչ օրս:
Փախստականների այս խումբը տարածաշրջանում ամենից խոցելին է, քանի որ նրանք զրկված են միջազգային պաշտպանությունից եւ աջակցությունից՝ Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որոնք խոչընդոտում են մասնագիտացած կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների այցերին ԼՂՀ: Խոչընդոտելով միջազգային մասնագիտացված կազմակերպությունների մարդասիրական շփումը Լեռնային Ղարաբաղում բնակվող փախստականների հետ՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են խախտել այս կատեգորիայի մարդկանց հիմնարար իրավունքները:
Ֆինանսական եւ բարոյական աջակցություն չստանալով, լինելով շրջափակման մեջ՝ ԼՂՀ կառավարությունը ստիպված էր այդ խնդիրը լուծել իր սահմանափակ ֆինանսական հնարավորությունների շրջանակում: Միաժամանակ, Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն Ադրբեջանի, չի քաղաքականացնում այդ մարդասիրական խնդիրը եւ դա քաղաքական առեւտրի առարկա չի դարձնում՝ փախստականներին պահելով վրանային ճամբարներում եւ զգալի գումարներ ստանալով միջազգային կառույցներից:
Որո՞նք են լինելու 2015 թվականի առաջնահերթությունները:
Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գործունեության առաջնային ուղղություները 2015 թվականին մնում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ ԼՂՀ միջազգային ճանաչումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, լինելով հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հարցում ամենից շահագրգիռ կողմը, այսուհետ նույնպես գործադրելու է բոլոր ջանքերը՝ ամուր խաղաղություն ու կայունություն հաստատելու համար:
Ինչ վերաբերում է ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ապա վստահ եմ, որ այդ գործընթացը նույնպես շարունակվելու է, եւ մենք դրա նոր դրսեւորումների ականատեսն ենք լինելու:




























