Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստուհի Թամարա Գվերդցիտելին ցանկանում է դատի տալ Վրաստանի մշակույթի պալատի ղեկավար Դավիդ Օկիտաշվիլիին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Գվերդցիտելիի՝ Ռուսաստանի մասին երգ կատարելուց հետո Օկիտաշվիլին իրեն մեղադրել է  վրաց զինվորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ:   «Ես զայրացած եւ խորապես վիրավորված եմ պարոն Օկիտաշվիլիի հայտարարությունից: Չեմ պատրաստվում արդարանալ, որ աշխատում եմ Ռուսաստանում, եւ իմ երգացանկում կա երգ Ռուսաստանի մասին, որը կատարում եմ Սոսո Պավլիաշվիլիի հետ զուգերգում, այն ձայնագրվել է 2005 թ., այլ ոչ հիմա, ինչպես հայտարարում է Օկիտաշվիլին: Ես առաջիկա օրերին  Վրաստան եմ գալիս եւ անպայման դատի եմ տալու՝ իմ պատիվը վիրավորելու համար», — խոստանում է երգչուհին:

Ավելի վաղ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ կատարելով «Իմ Ռուսաստան» երգը, Սոսո Պավլիաշվիլին եւ Թամարա Գվերդցիտելին «տրորել են զոհված վրացի զինվորների գերեզմանները»: Օկիտաշվիլին պնդում է, որ երբեք թույլ չի տա արտիստներին համերգ ունենալ Վրաստանում: Նշվում է, որ Պավլիաշվիլին Օկիտաշվիլիի երեխայի կնքահայրն է: 

Թամարա Գվերդցիտելին Ռուսաստանի, Վրաստանի եւ Ինգուշեթիայի ժողովրդական արտիստուհի է: 2010 թ.  ՌԴ նախագահի հրամանագրով նա արժանացել է Պատվո  շքանշանի՝  «բազմազգ մշակույթի, արվեստի, կրթության եւ բարեկամության ամրապնդման զարգացման գործում ունեցած իր ավանդի համար»: