NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Ջոն Հոփքինսի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, Պետերսոնի անվան համաշխարհային տնտեսության ինստիտուտի ավան գիտաշխատող Օլիվիե Ժաննի՝ «Financial Times»-ում հրապարակված հոդվածը:

Իր ուկրաինական ձախորդությունների գագաթնակետին Վլադիմիր Պուտինը հիմա պետք է ղեկավարի արժութային սպեկուլյանտների դեմ պատերազմը: Ռուսական տնտեսությունում վստահության բացակայությունը կապիտալի արտահոսքի հանգեցրեց, այն դեպքում, երբ որոշ ներդրողներ ձգտում են սահմանափակել ռուբլու ակտիվների իրենց կորուստները, իսկ մյուսներն ակտիվորեն խաղադրույք են կատարում ազգային արժույթի փոխարժեքի շարունակվող նվազման վրա: Նախագահի պայքարի միջոցները տատանվում են ռազմավարական նահանջից (արժեզրկման թողտվություն) մինչեւ տոկոսադրույքների բարձրացումը, արտերկրի արժույթի վաճառքը եւ կապիտալի արտահոսքի վերահսկողության սահմանումը:

Առաջին երեք տարբերակները շուտով կսպառվեն: Մնում է կապիտալի շարժի նկատմամբ վերահսկողությունը: Արդյո՞ք դա կաշխատի Ռուսաստանում: Ի՞նչ կարելի է սովորել արժութային ճգնաժամերի դեպքում կապիտալի շարժի վերահսկողության միջազգային փորձից: Արտահոսքի նկատմամբ կապիտալի կառավարման տնտեսական ասպեկտները բավական պարզ են: Այն հայրենական տնտեսությունից կապիտալի դուրսբերման համար ներդրողներին ծախսեր է պարտադրում, որի գինն իշխանություններն այլեւս ստիպված չեն լինի վճարել, այսպես կոչված, չափազանց ցածր փոխարժեքի տեսքով: Դա շունչ առնելու որոշակի հնարավորություն է ընձեռում, որպեսզի իշխանությունները գործողության մեջ դնեն քաղաքականությունը՝ նպատակ ունենալով աշխուժացնել հայրենական տնտեսությունը կամ, ծայրահեղ դեպքում, սահմանափակել վնասը:

Սակայն կապիտալի շարժի վերահսկողությունը նաեւ անգործության կամ վատ քաղաքականության համար է տեղ թողնում: Ամեն դեպքում, թեթեւացումը, որը բերում է նման վերահսկողությունը, ժամանակի ընթացքում նվազում է, քանի որ ներդրողները սովորում են շրջանցել այն: Սա հատկապես ճիշտ է Ռուսաստանի պարագայում, որտեղ կապիտալի փախուստը կանգնեցնելու նախորդ փորձերը (օրինակ՝ 1998 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո) արագորեն տապալվում էին: Շատ կարեւոր է, որպեսզի իշխանությունները մի փոքր դադար վերցնեն եւ հուսալի քաղաքականություն ընդունեն, որը ներդրողներին կստիպի վերադառնալ եւ մնալ:

Ապացուցված է, որ կապիտալի արտահոսքի նկատմամբ վերահսկողությունը հաճախ անարդյունավետ է լինում: Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին հետազոտությունը, որում դիտարկվել է զարգացած տնտեսությամբ 37 երկրներում կապիտալի արտահոսքի սահմանափակման արդյունավետությունը, ցույց է տվել, որ ավելի հաճախ վերահսկողությունը չի կարողացել կանգնեցնել կապիտալի ամբոջական արտահոսքը, քանի որ չի ուղեկցվել քաղաքականության լուրջ շտկումներով:

Միջազգային փորձից գլխավոր դասն այն է, որ կապիտալի արտահոսքի վերահսկողությունը կարող է աշխատել, բայց միայն այն դեպքում, եթե այն ուղեկցվում է հուսալի քաղաքականության ծրագրով, որը հեռացնում է անվստահության ճգնաժամի հիմնական պատճառը: Ռուսաստանի դեպքում ծրագիրը երկու բաղադրիչի կարիք ունի՝ կապված ամենախոշոր խնդիրների հետ, որոնց բախվում է տնտեսությունը: Առաջին բաղադրիչը նավթի ցածր գների երկարատեւ ժամանակահատվածին հարմարվելու հստակ ծրագիր, եւ երկրորդ՝ գործողություններ, որոնք արեւմտյան տերություններին թույլ կտան վերացնել տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայում ռուսական միջամտությունից հետո: