Ամենահիմար լուսանկարների շարքում ընդգրկվել են ինքնանկարներ՝ արված սգո արարողության, այրվող շինության եւ կամրջի ֆոնին, որի վրա ինքնասպանության պատրաստվողներ էին կանգնած:

Ընտրանին հրապարակել է The Daily Mail պարբերականը: Հեղինակները սելֆին անվանում են իր տեսակի մեջ ինքնատիպ մշակութային ֆենոմեն: Նաեւ նշվում է, որ հաճախ ինքնանկարվողները կարող են հիմար վիճակում հայտնվել. այդ նկարների ֆոնը հաճախ չի համապատասխանում նկարվողի դեմքի ուրախ արտահայտությանը:

Ցանցում նման հիմար լուսանկարները մեծ թվով «լայքեր» են հավաքում, բայց դրանց հեղինակներին մեկնաբանություններում այնքան էլ լավ լույսի տակ  չեն հիշատակում: Օգտատերերը սելֆիի սիրահարներին քննադատում են ճաշակի եւ տակտի զգացողության բացակայության համար, փոխանցում է  Lifenews-ը:

Հաճախ սմարթֆոն ունեցողները գերադասում են սելֆի անել՝ իրական գործողություններ ձեռնարկելու փոխարեն: Օրինակ լուսանկարվում են խեղդվողի կամ օդանավի բեկորների ֆոնին՝ փոխանակ ողջ մնացածներին օգնություն ցուցաբերեն:

Վրդովմունքի ալիք են բարձրացնում Ցանցում եղբայրական գերեզմանների, Հոլոքոստի զոհերի հուշարձանի եւ նման այլ օբյեկտների ֆոնին արված ինքնանկարները: