«Տիգր» հատուկ տեսչության աշխատակիցները Խաբարովսկի մոտ բռնել են Ուստին անունով վագրին, որը հայտնի է Չինաստան մի քանի անգամ գնալով եւ վերադառնալով:

Ուստինին նաեւ թափառող եւ տնային շների վրա հարձակումների մեջ են «կասկածում»:

Հեռավորարեւելյան դաշնային շրջանի բնության վերահսկողության գերատեսչությունից հայտնում են, որ վերջին անգամ սահմանից վերադառնալուց հետո Ուստինը գնացել է Ամուրի ափին գտնվող գեղատեսիլ վայր:

Մասնագետների խոսքով՝ վագրին որոշել են բռնել հենց այն պատճառով, որ նա սկսել է հարձակվել շների վրա, ընդ որում՝ ոչ միայն թափառական, այլեւ՝ բակերի շների: Բռնելուց հետո պարզվել է, որ վնասված է վագրի թաթը: Հնարավոր է, նա այն վնասել էր փշալարի վրայով պետական սահմանը հատելիս: Վագրին տեղափոխել են Պրիմորիեի վերականգնողական կենտրոն, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հիշեցնենք, որ Ուստինը հինգ վագրիկներից մեկն էր, որոնց հյուծված գտել էին 2013 թ.՝ հեռավորարեւելյան տայգայում: Նրա քույրերն ու եղբայրները Կուզյան, Բորյան, Սվետլայան եւ Իլոնան են: Այս տարվա մայիսին Ամուրի երկրամասում Կուզյային, Բորյային եւ Իլոնային ազատ էր արձակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:  Հունիսին Հրեական ինքնավար մարզում տայգա էին հեռացել Ուստինը եւ Սվետլայան: Կենդանիների վրա  վզկալներ էին հագցրել, որոնք թույլ են տալիս հետեւել նրանց տեղաշարժերին՝ արբանյակի օգնությամբ: