Առողջապահության նախարարության «Թեժ գիծը» դեկտեմբերի 31-ից մինչեւ այսօր՝ հունվարի 3-ը, ժամը 11:30-ը, 20 հեռախոսազանգ է ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Թեժ գիծ» ծառայության պատասխանատու Հասմիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ զանգերը եղել են տեղեկատվական բնույթի, մասնավորապես, քաղաքացիները հետաքրքրվել են հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում հերթապահության մասին, տրվել են պատասխաններ: «Դիմել են դժվարամատչելի հերթապահության հարցով, Արմավիրում վթար է եղել, հոսպիտալացման կարիք է եղել, այդ հարցը նույնպես լուծվել է»,- ասաց «Թեժ գծի» պատասխանատուն:

Նրա խոսքով՝ քաղաքացիները դիմել են նաեւ առողջական մի շարք հարցերով: Օրինակ՝ որ սնունդը որի հետ կարելի է ուտել, ինչ անել ջերմության դեպքում եւ այլն, ուղղորդել են դիմել հատուկ մասնագետների: Հասմիկ Հարությունյանն ասաց, որ իրենք շուրջօրյա կապի մեջ են եղել թե՛ «Շտապօգնության», թե՛ մարզային հիվանդանոցների հետ, լուրջ, ծանր դեպքեր չեն եղել: Ամանորյա սեղանի կերակրատեսակներից եւս ծանր թունավորման դեպքեր չեն արձանագրվել, բայց եղել են թեթեւ հարբեցողության դեպքեր:

Հասմիկ Հարությունյանն ասաց նաեւ, որ «Թեժ գիծն» Առողջապահության նախարարի ամենօրյա հսկողության ներքո է: Ամեն օր նախարարին զեկուցում են, թե ինչ զանգեր են ստացել, ինչ խնդրով եմ դիմել քաղաքացիները, եւ ինչ է արվել: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի նախարարության «Թեժ գիծը» կրեատիվ զանգեր չի ստացել, ինչպես, օրինակ, նախորդ տարիներին, երբ հետաքրքրվում էին, թե երբ կլինեն թոշակները կամ ԱՆ-ին չառնչվող այլ հարցեր էին տալիս: