Բրազիլիայում Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնի բաժանմունքի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի իրենց 800 գործընկերների աշխատանքից ազատման դեմ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Սան Բերնարդու դու Կամպու քաղաքի (Սան Պաուլու նահանգ) մետաղավերամշակող արդյունաբերության աշխատողների արհմիության տեղեկություններով՝ գործադուլ են հայտարարել Volkswagen-ի ավելի քան 7 հազար աշխատակիցներ:
Իր հերթին, կոնցեռնը հայտարարել է, որ գործադուլի պատճառով լիովին դադարեցվել է թեթեւ մարդատար ավտոմեքենաներ թողարկող Anchieta գործարանի աշխատանքը:
Volkswagen-ի ղեկավարությունն աշխատանքից զանգվածային ազատումները բացատրում է ավտոմեքենաների բրազիլական շուկայում տիրող անբարենպաստ իրավիճակով: 2014 թվականին Բրազիլիայում նոր ավտոմեքենաների վաճառքը, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 7%-ով եւ կազմել 3.5 մլն միավոր:




























