Վրաստանում այս տարվա առաջին քաղաքական իրադարձությունը եղավ Petrocas Energy Group-ի եւ ռուսական «Ռոսնեֆթ» ընկերության միջեւ կնքված խոշոր գործարքը: Միլիարդատեր Դավիթ Յակոբաշվիլիին պատկանող Petrocas-ը «Ռոսնեֆթին» է վաճառել բաժնետոմսերի 49%-ը: Գործարքն ընդդիմության եւ արեւմտյան կողմնորոշում ունեցող փորձագետների մոտ բողոքի ալիք է առաջացրել. վերջինները «Վրաստան հզորագույն ռուսական պետական կորպորացիայի ներթափանցում են տեսնում»:

Չի կարելի ասել, որ ՌԴ-ի պետական ընկերությունները մինչեւ օրս ընդհանրապես չեն գործառել Վրաստանում: «ԵԷՍ Ռոսիի» ընկերությունը թբիլիսյան «Թելասի» էլեկտրաբաշխիչ ցանցը հետ էր գնել ամերիկյան AES ընկերությունից, եւ ընդամենը մեկ տարվա ընթացքում լուծել մայրաքաղաքի բնակիչների՝ էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման «պատմական» հարցը: Սակայն Միխայիլ Սահակաշվիլիի համախոհները դեռ այն ժամանակ՝ 2003թ.-ին, լինելով ընդդիմություն, բողոքել են «Լիբերալ կայսրության հայեցակարգի հեղինակ համարվող Անատոլի Չուբայսի ընկերության չարամիտ ներթափանցման դեմ»:

Այսօր նրանք բողոքում են արդեն «Ռոսնեֆթի» դեմ: Թեեւ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում խոսքը մասնավոր ընկերության՝ սեփական ակտիվներն առավել շահեկանորեն վաճառելու որոշման մասին է: Այդուհանդերձ, նախկին նախագահի համախոհները ճեպազրույցներ են անցկացնում՝ պահանջելով չեղարկել գործարքը՝ այն որակելով որպես «Վրաստանի պետական շահերին խիստ վնասող»:

Ինչո՞ւ հանկարծ ռուսական նավթային հսկան որոշեց գնել Petrocas բաժնետոմսերի՝ ամենեւին էլ ոչ վերահսկիչ փաթեթը: Դավիթ Յակոբաշվիլիի ընկերությունը տիրապետում է ոչ միայն Gulf բենզալցակայանների ցանցին, այլ նաեւ Փոթի նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող նավթային տերմինալին: Վերջին տարիներին «Ռոսնեֆթն» այդ տերմինալն օգտագործել է դեպի Հայաստան նավթի եւ նավթամթերքի վերբեռնման համար: Դատելով ամեն ինչից՝ Մոսկվայում որոշել են ուժեղացնել Եվրասիական տնտեսական միություն մտած պետությանը նավթամթերքի մատակարարման գծի նկատմամբ վերահսկողությունը: Նման աշխարհաքաղաքական մոտեցումը լիովին տեղավորվում է Կրեմլի՝ ՌԴ-ն Հարավային Կովկասի հետ միացնող նոր հաղորդակցությունների կառուցման եւ հների վերականգնման ռազմավարության մեջ:

Խոսքը, մասնավորապես, Աբխազիայի միջով երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ Ավարոկախեթինյան ավտոմայրուղու վերականգնման մասին է: Նավթամթերքների բեռնման գիծը Հայաստանի կենսունակության ապահովման կարեւոր օղակն է: Վրացական մամուլում նույնիսկ ենթադրություններ էին հնչում, որ «Ռոսնեֆթը» մտադիր է ձեռք բերել Petrocas-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, սակայն վրացական ընկերության փոխնախագահ Նիկո Մչեդլիշվիլին «Կովկասի Լրաբերին» տված հարցազրույցի ժամանակ հերքել էր այդ հաղորդագրությունները. «Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը նախկինի նման պատկանում է Դավիթ Միխայիլովիչ Յակոբաշվիլիին»:

Գործարքի արժեքը գաղտնի է պահվում: Միայն հայտնի է, որ Petrocas Energy Group-ի վերահսկիչ կամ արգելափակող փաթեթի վաճառքի մասին բանակցությունները սկսվել են դեռեւս 2013թ. աշնանը, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը եւ Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն հայտնեց, սակայն անմիջապես բարձրաձայնեց «Ընդհանուր սահմանների բացակայության պայմաններում Մաքսային միության երկրների հետ կայուն հաղորդակցական ուղիների» մասին հարցը:

Ընդհանուր առմամբ, Թբիլիսիում այս ամբողջ պատմությունը դիտարկվում է կատարելապես այլ լույսի ներքո՝ որպես ռուսական հսկայի (ըստ էության, հենց ռուսական պետության) «երկրի կարեւորագույն հաղորդակցությունները եւ ամբողջ սեւծովյան ափամերձ շրջանը ձեռքը վերցնելու ցանկություն»:

Վրացական ընդդիմությունը վկայակոչում է, որ «Ռոսնեֆթն» ակտիվորեն աշխատում է Աբխազիայում՝ դրանով իսկ խախտելով «Օկուպացված տարածքների մասին օրենքը»: Պաշտոնական տեսակետից սա կարող է բաժնետոմսերի գնումից եւ վերաբաշխումից հրաժարվելու համար վճռորոշ փաստարկ հանդիսանալ: Սակայն դատելով կառավարական շրջանների առաջին արձագանքից՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեռեւս չի համարձակվում նման արմատական քայլ անել, քանի որ Մոսկվայում դա կարող է ընկալվել որպես Սահակաշվիլիի ժամանակների վերադարձ՝ առճակատող տրամաբանությամբ, ուստի գործարքի «կամային խզումը» կարող է հանգեցնել վրացական ապրանքների նկատմամբ ռուսական էմբարգոյի վերականգնմանը: