Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը ժողովրդավարական զարգացման մակարդակով հետ են մնում Արեւելյան գործընկերության երկրների շարքում: Այս մասին գրում է «EU Observer»-ը: Առաջատարների թվում պարբերականն առանձնացրել է Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի կառավարություններին: «EU Observer»-ը, մասնավորապես, գրում է.
«2008 թվականին Հայաստանում կոպտորեն ճնշվեցին ընտրությունների ժամանակ գրանցված խախտումների մասին բարձրաձայնող ընդդիմության խաղաղ ցույցերը: Ամեն դեպքում, անցած տարիներին բարելավվեց ե՛ւ նրանց վարքագիծը, ե՛ւ մամուլի ազատությունը:
Պետությանը հաջողվեց երկար ճանապարհ անցնել դատական համակարգի բարեփոխումների, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի եւ պետական համակարգի աշխատանքի բարելավման ուղղությամբ:
Հայաստանը Բրյուսելի հետ մերձեցման ակտիվ քաղաքականություն վարեց մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց այն մասին, որ Եվրամիության հետ սերտ կապերն այլեւս պետության օրակարգում չեն:
Անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ: Ադրբեջանն ու Բելառուսը շարունակում են բռնապետական պետություններ մնալ, որտեղ ճնշվում են մարդու իրավունքներն ու քաղաքական ազատությունները:
Որոշ գնահատականների համաձայն, ադրբեջանական բանտերում 142 քաղբանտարկյալներ կան: Սակայն նավթագազային եկամուտները երկրին թույլ են տալիս անտեսել Արեւմուտքի քննադատությունը:
Բաքուն բանակցություններ էր վարում Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելու շուրջ, սակայն հետո դադարեցրեց եւ շարունակեց ռազմավարական արդիականացման գործընկերությունը: Ադրբեջանի եւ Բելառուսի վրա Բրյուսելի ազդեցությունը սահմանափակ է, եւ ժողովրդավարության հեռանկարները միանգամայն մշուշոտ են մնում:
Ժողովրդավարության առավել բարձր մակարդակ ցուցաբերեց Մոլդովան: «Արեւելյան գործընկերության» երկրների եվրոպական ինտեգրման ինդեքս» հետազոտության տվյալների համաձայն, այս երկիրը զբաղեցրել է «Արեւելյան գործընկերության» երկրների ցանկը՝ որպես եվրոպական ինտեգրման գործընթացում ամենամեծ հաջողություններն արձանագրած պետություն: 2009 թվականից երկիրը կառավարող եվրոպամետ կոալիցիաները շատ բանի են հասել:
Վրացական քաղաքական վերնախավը նույնպես եվրաինտեգրման կամք ցուցադրեց: Չնայած Սահակաշվիլիի ռեժիմի ընթացքում նկատելի անհաջողություններին, երկիրը դատական համակարգի եւ պետական մարմինների բարեփոխումներ ձեռնարկեց: Բերտելսմանի հիմնադրամի՝ անցումային տնտեսությամբ երկրների վերջին ինդեքսում Վրաստանը 2011 թվականից ամենամեծ առաջընթացն ապահովեց Եվրասիական տարածաշրջանում:
Ուկրաինայում նարնջագույն քաղաքական վերնախավը չկարողացավ ամրապնդել ժողովրդավարական ձեռքբերումներումները, ինչը հանգեցրեց Վիկտոր Յանուկովիչի կառավարման ավտորիտար միտումներին: 2014 թվականի հոկտեմբերին Ուկրաինան կարողացավ ընտրություններ անցկացնել (հրատարակությունն այն «ազատ եւ արդար» է անվանում - խմբ.): Սակայն պետության գործառույթները լուրջ դժվարություններ են ապրում, կոռուպցիան հաղթահարելու եւ օրենքի դերի ամրապնդման անհրաժեշտություն կա»:



























