Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ցավով է նշել, որ իրականանում են իր քանիցս հայտնած մտավախությունները՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների անցկացման խոչընդոտներ ստեղծելու Անկարայի փորձերի կապակցությամբ։ Այս մասին գրում է«Nouvelles d'Arménie»-ն։

Կազմակերպության հաղորդագրությունում նշվում է. «Նախագահ Էրդողանը ոչ միայն չպատասխանեց ապրիլի 24-ին Երեւան այցելելու հայ գործընկերոջ հրավերին, այլեւ պատասխան կրակ է բացում դիվանագիտական առումով՝ պաշտոնապես հայտարարելով, որ փոխում է Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի միջոցառումների օրը, որը միշտ նշվում էր ապրիլի 25-ին։ Բայց այս տարի այն տեղափոխվել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը;

Այս մանեւրն ակնհայտ ուղղված է այդ օրը Երեւանում արտասահմանյան առաջնորդների սպասվող ներկայությունը չեզոքացնելուն...Անկարայի խնդիրն այն է, որ Երեւանում ապրիլի 24-ի արարողությունը հնարավորինս քիչ միջազգային արձագանք ստանա։  Այս մարտավարությունը տեղավորվում է թուրքական ժխտողական քաղաքականության շրջանակում, որը ոչ այլ ինչ է, քան այլ միջոցներով ցեղասպանության շարունակություն»։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունը նաեւ հույս է հայտնել, որ մյուս երկրներն այս թակարդը չեն ընկնի։ «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն ակնկալում է, որ ժողովրդավար երկրները կխափանեն Թուրքիայի իշխանությունների այդ կոպտորեն ստեղծած թակարդը, որոնք գնալով ավելի լպիրշանում են,ինչպես նաեւ կջանան բարձր մակարդակի հասցնել միջազգային դիվանագիտության նորմերը այդ տարածաշրջանում, որին նախկինի պես բնորոշ է բարբարոսությունը»,– նշված է հայտարարությունում։