Քալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) ուսանողական խորհուրդը հունվարի 20-ին միաձայն վավերացրել է Թուրքիայում Քալիֆորնիայի համալսարանի բոլոր ներդրումները (72.6 միլիոն դոլար) դադարեցնելու մասին բանաձեւը: Այս մասին հաղորդում է «Ազատությունը»:
Այս բանաձեւը Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ նախաձեռնության «#DivestTurkey» արշավի մի մասն է: Այդ արշավի նպատակն է պատժել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:
Քալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի Հայ ուսանողական միությունը դեռեւս անցյալ դեկտեմբերին հանդիպում էր կազմակերպել համալսարանի ուսանողների հետ ներկայացնելու բանաձեւի մշակման աշխատանքները եւ դրանց կարեւորությունը:
«Բանաձեւի նպատակն է ճնշում բանեցնել մինչեւ այսօր պատմական այս իրողությունը ժխտող Թուրքիայի իշխանությունների վրա՝ ներդրումները կապելով Հայոց ցեղասպանության ճանաչման հետ», - փոխանցում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը:




























