Չեմ կարող ասել՝ լավ թե վատ գաղափար է Թուրքիայի նախագահի՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը 2015թ. ապրիլի 24-ին նշելը եւ այդ առիթով աշխարհի երկրների առաջնորդներին հրավիրելը: Այս մասին հունվարի 23-ի մամուլի ասուլիսում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը տոնելու մասին Էրդողանի որոշմանը Գերմանիայի արձագանքին:

Իհարկե, ըստ դեսպանի, ցանկացած երկիր ազատ է իր ընտրության հարցում. «Եվ նա, ով հրավեր է ստանում, ազատ է այդ հրավերի իմաստի ընկալման հարցում եւ դատողությունների հարցում՝ արդյոք դա լավ, թե վատ գաղափար էր», - նշել է դիվանագետը՝ խուսանավելով այդ հարցում Գերմանիայի ընտրության մասին խոսելուց:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015թ. ապրիլի 24-ը հայտարարել է Չանաքալեի ճակատամարտում հաղթանակի օր: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը նա հայտնել էր, որ այդ օրը միջոցառումներին մասնակցելու նպատակով  կհրավիրեն աշխարի մի շարք առաջնորդների: