Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ոչ հերքել, եւ ոչ էլ հաստատել է թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը՝ Ալմաթայում հուլիսի 16-17-ին կայանալաի ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ: Ինչպես նշել է Բալայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում. «Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ դեռ չկան»:
Միեւնույն ժամանակ, ըստ թուրքական ԶԼՄ-ների, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութղլուն մտադիր է առանձին ահնդիպումներ անցկացնել իր հայ եւ ադրբեջանցի գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար ՄԱմեդյարովի հետ գագաթնաժողովի շրջանակներում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ալմաթայում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնգակողմ հանդիպումը Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Բեռնար Քուշների, Սերգեյ Լավրովի եւ Հիլարի Քլինթոնի հետ: Սակայն նախօրեին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նկատել էր, թե նման հանդիպման հնարավորությունը կախված է Բաքվից, կընդունի արդյոք Ադրբեջանը Սանկտ-Պետերբուրգու կողմերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը, թե ոչ:




























