Աշխատանքային այցով Բյուսելում գտնվող հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշի, «Եվրանեսթ»-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոխի եւ պատվիրակության, «Եվրանեսթ»-ում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Քրիստիան Վիգենինի եւ նախագահության հետ, ինչպես նաեւ ԵԺԿ գլխավոր քարտուղար, Եվրախորհրդարանի պատգամավոր Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթի հետ:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նշել է, թե Հայաստանը կարեւորում է Եվրամիության հետ համագործակցության շարունակական խորացումը, հատկապես` 2009թ. մայիսին մեկնարկած Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Այն նոր հեռանկարներ է բացում առաջիկայում Եվրամիության հետ էլ ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով, ներառյալ ասոցացման համաձայնագրի եւ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հեռանկարները:
Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները, անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության խնդիրներին:
Պարոն Աբրահամյանը ընդգծեց, որ Եվրոպական ուղղությունը եւ Եվրամիության հետ մերձեցումը մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հանդիպման ժամանակ քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Պատվիրակության անդամներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արտակ Զաքարյանը մանրամասն պատասխանել են Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին:




























