Հայկական կուսակցությունների բոլոր համագումարները ցուցադրական բնույթ են կրում: Հուլիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ-Հոլդինգի» ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով, Հայաստանի կուսակցությունները նոր բան չեն արել, չէին էլ կարող, քանի որ իշխանությունները «համապատասխան ռեսուրսներ» չեն տրամադրում, իսկ կուսակցություններն էլ նեղ շահեր են հետապնդում:
«Ժառանգություն» կուսակցությունն արհեստական միավոր է, օճառի պղպջակ: Կուսակցության կեսը բոլորովին այլ ճամբարից է, եւ այդ կեսը հայտարարում է, թե անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել իշխանությունների հետ»,- հայտարարել է Կարապետյանն ու հավելել. «Րաֆֆի Հովհաննիսյանը մի ժամանակ արտգործնախարար է եղել, իսկ հիմա համարում է, որ կարող նախագահ լինել: Երբ ես անցած անգամ Արտաշատում 4 հազարից ավելի ձայն հավաքեցի, նա ստացավ ընդամենը մեկ ձայն, դա էլ երեւի ինչ-որ մեկը սխալմամբ ուրիշ տեղ էր նշում արել»:
Անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսին՝ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ կայանալիք համագումարը դրական տարրեր է պարունակում:
«ՀՀՇ-ն ինքնամաքրվում է, եւ դա լավ է, առաջին հերթին, Հայ Ազգային Կոնգրեսի համար, որի միջուկն այդ կուսակցությունն է: ՀՀՇ շարքերում նախկին կաշառակերներ, խաբեբաներ, ավազակներ են եղել, եւ այսօր կուսակցությունը ցանկանում է ցույց տա, որ իր շարքերը մաքրում է նրանցից»,- հավաստիացրել է գործիչը:
Խոսելով «Բարգավաճ Հայաստանի» մասին՝ Կարապետյանը նշել է, թե այն փորձում է իր շուրջ հավաքել առավելագույն թվով քաղաքական մանր ուժերի, այդ կերպ ավելացնելով ամրության իր պաշարը:
«Հնարավոր է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շուտով նոր քաղաքական օճառե պղպջակ ստեղծի»,- վերջում ամփոփել է Տիգրան Կարապետյանը:




























