Շվեդիայի հյուրանոցային խոշորագույն ցանցի անձնակազմին առաջարկում են նոր դասընթացներ անցնել: Scandic հյուրանոցների աշխատակիցներին կսովորեցնեն բացահայտել մարմնավաճառներին եւ պայքարել սեռական ծառայությունների մատուցման դեմ:

«Ես չէի ասի, որ հյուրանոցներում մարմնավաճառությունը մեծ խնդիր է: Բայց այն կա: Միամտություն կլիներ կարծել, որ նման բան չկա»,- The Local-ին ասել է Scandic Park հյուրանոցի մենեջեր Պերնիլ Յոհանսոնը:

Ըստ Vesti-ի, Ստոքհոլմի ոստիկանության մարմնավաճառության դեմ պայքարի վարչության գլխավոր տեսուչ Սայմոն Հագսթրեմը հյուրանոցների աշխատակիցներին կոչ է արել տեղեկացնել ցանկացած դեպքի մասին, որում սեռական ծառայությունների վաճառք են կասկածում: Նրա խոսքով, մայրաքաղաքի հյուրանոցներում մշտապես 250-300 մարմնավաճառ է աշխատում: Իրենց ծառայությունները նրանք կարող են համացանցում առաջարկել, սակայն հաճախորդների հետ հանդիպում են հյուրանոցներում:

Ի դեպ, Շվեդիայում մարմնավաճառությունն օրինականացվել է: Սակայն 1999 թվականին այն դարձել է առաջին պետությունը, որտեղ նման ծառայություններ գնելու համար պատիժ է սահմանվել: 2010 թվականին արդեն Ստոքհոլմի փողոցներում մարմնավաճառների թիվը երկու անգամ կրճատվել է, սակայն նրանք տեղափոխվել են համացանց:

2014 թվականից ոստիկանությունն ու քաղաքային իշխանությունները մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակում սերտորեն համագործակցում են հյուրանոցների, ռեստորանների եւ տաքսի ծառայությունների հետ: