Էվոլյուցիայի տեսանկյունից մարդկանց մեծ մասը կյանքի ուղեկից ընտրելիս պետք է ամենից արագ եւ հասանելի տարբերակն ընտրի, այլ ոչ թե սպասի կատարյալ զուգընկերոջ հետ հանդիպման: Նման տեսություն են առաջարկել Միչիգանի համալսարանի միկրոկենսաբանները:

Քրիս Ադամին եւ նրա գործընկերները համակարգչային մոդել են ստեղծել եւ հետեւել թվային օրգանիզմների հազարավոր սերունդների՝ զուգընկերոջ ընտրության ռիսկերին: Պարզվել է, որ նրանց պահվածքի վրա ամենից շատ ազդում է իրենց մերձավոր խմբերի (ցեղակիցների) չափսերը: Երբ այն կազմում է շուրջ 150 միավոր (ինչպես նախամարդու մոտ), օրգանիզմները նախընտրում են առաջին իսկ պատահած զուգընկերոջը: Ըստ Lenta-ի, ռիսկի բարձր մակարդակի դեպքում մարդիկ համաձայն են ամենից անվտանգ տարբերակին:

«Պարզունակ մարդիկ կարող էին սեռական հարաբերություն ունենալ առաջին իսկ պատահած զուգընկերոջ հետ, եթե անգամ նա կատարյալ չէ, եւ լույս աշխարհ բերել գենետիկորեն ոչ կատարյալ սերունդ, կամ էլ սպասել պարոn (տիկին) Կատարելությանը: Բայց այդ դեպքում նրանց սպառնում էր ընդհանրապես առանց սերնդի մնալու վտանգը»,- պարզաբանել է Ադամին:

Սակայն ամենից անվտանգ տարբերակի ընտրությունը էվոլյուցիոն միակ ռազմավարությունը չի եղել. որոշ էակներ պատրաստ են եղել վտանգել սերունդ ունենալու հնարավորությունը եւ կատարյալ զուգընկեր փնտրել՝ առավելագույն կատարյալ սերունդ ունենալու համար:

Ամեն դեպքում, գիտնականները հարկ են համարել նախազգուշացնել, որ կատարյալ զուգընկերոջը սպասելով ամուսնության առաջարկությունից հրաժարվելու դեպքում հնարավոր է ընդհանրապես առանց երեխաների մնալ: