Ուսումնասիրությունները Հայաստանի հանքային ջրի շուկայում անբարեխիղճ մրցակցություն չեն հայտնաբերել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդիկայի եւ ծրագրման հարցերով վարչության պետ Արման Մանասերյանը՝ մեկնաբանելով Հանձնաժողովի կողմից անցկացված վերջին ուսումնասիրությունները։ Վերլուծությունը պլանային բնույթ է կրել, հավելել է նա։

Ներկայումս շուկայում գործում են երկու ակնհայտ առաջատար ընկերություններ՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն (55 տոկոս) եւ «ՌՌՌ» Հանքային Ջրերի Գործարան ՓԲԸ-ն իր «Բջնի» ապրանքանիշով (30 տոկոս)։ Մեծությամբ երրորդ ընկերությունը «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ-ն է, որը զբաղեցնում է շուկայի 5 տոկոսը։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրություններին մասնակցել է 14 ընկերություն, որոնց թվում՝ 2 ներմուծող՝ «Արտաշատի պահածոների գործարանը», որը զբաղվում է «Բորժոմիի» ներմուծմամբ եւ «Անդակո» ԲԲԸ-ն, որը հանքային ջրեր է ներկրում Ֆրանսիայից։

 «Մեզ  համար կարեւոր էր պարզել, թե շուկայում բարձր կուտակումը չի խանգարում արդյոք նոր ընկերություններին մուտք գործել այնտեղ։ Վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնել, որ դժվարություններն օբյեկտիվ բնույթ են կրում եւ կապ չունեն անբարեխիղճ մրցակցության հետ»,- հավելել է Մանասերյանը։ Այս պատճառով ընկերությունների մեծ մասը չի աշխատում իր ողջ ներուժով։ Ներկայիս պահանջարկի սահմաններում նրանց համար շահավետ չէ շատ արտադրելը, սակայն եթե այդ պահանջարկն ավելանա, նրանք առանց որեւէ դժվարության կարող են այն բավարարել, պարզաբանել է Մանասերյանը։

Մյուս կողմից, հեռավոր երկրներ արտահանելու գործընթացը բարդանում է՝ պայմանավորված արտահանվող ապրանքի ծավալներով ու փոխադրման համար անհրաժեշտ խոշոր ծախսերով։

Նոր ընկերությունների համար շուկայում մեկ այլ խոչընդոտ է ներդրումների համեմատաբար բարձր շեմը։ Ընկերություններից շատերի կարծիքով՝ շշալցման գործարանների հորերի սարքավորման համար անհրաժեշտ է ավելի քան 300 մլն դրամ, այսինքն՝ բավականին կլորիկ գումար։ Իսկ այդ ծախսերի փոխհատուցման համար պահանջվում է մի քանի  տարի։

Վերոնշյալ երեք խոշոր ընկերությունները ունեն սպառման ամենազարգացած ցանցը։ 14 ընկերություններից մարկետիգնով զբաղվում է 7-ը, իսկ երկու խոշորագույններին պատկանում է ոլորտում մարկետինգի ծախսերի 92 տոկոսը։

«Մեր դիտարկումներով փոքր ընկերություններին շուկայում ընդլայնվելու համար ոչ ոք արհեստական կերպով չի խոչընդոտում։ Նրանց դեպքում խնդիրը կապված է ծախսերի եւ դրանց նպատակային լինելու հանգամանքի հետ»,- պարզաբանել է Մանասարյանը։ Խանութները նույնպես խտրականություն չեն դնում մեծ եւ փոքր ընկերությունների արտադրանքներն ընդունելու միջեւ։ Համենայն դեպս, նման բողոքներ մենք չենք ստացել,  հավելել է նա։

 «Իհարկե արտադրության, տարաների եւ պիտակների գնման ծավալները, սեփական մեքենաների եւ սառնարանների առկայությունն ու սեփական մարկետինգը խոշոր ընկերություններին առավելություն են տալիս։ Այս պահի դրությամբ այդ ընկերությունները չեն չարաշահում այս առավելությունները եւ գործում են օրենքի շրջանակներում»,- հավելել է Մանասարյանը։

Նշենք, որ համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014թ. Հայաստանում արտադրվել է 58 618 լիտր հանքային ջուր, այսինքն՝ 35.6 տոկոսով ավել, քան 2013թ.։