Ալաբամա նահանգի Մոբիլ շրջանում դաշնային դատարանը հանձնարարել է սկսել նույնասեռ զույգերին ամուսնության վկայականներ հանձնելը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Washington Post թերթին:
Թեեւ դատարանների մեծ մասը մերժում է սեռական փոքրամասնությունների ամուսնությունների գրանցումը, Մոբիլ շրջանում անմիջապես սկսել են հայտեր ընդունել: Նման քայլը մեծ իրարանցում է առաջացրել սեռական փոքրամասնությունների շրջանում, փաստաթղթերի հանձնման պատուհանների մոտ միանգամից հավաքվել է 20 զույգ:
Ալաբամա նահանգում միասեռ ամուսնությունների օրինականացումը դժվարությամբ է ընթանում: Հունվարին ԱՄՆ շրջանային դատարանը հակասահմանադրական էր ճանաչել սեռական փոքրամասնությունների ամուսնության արգելքը, ինչից հետո Ալաբաման դարձել է 37-րդ նահանգը, որտեղ նույնասեռականները կարող են ընտանիք ստեղծել:
Սակայն նման որոշումը արժանացել է «Ամուսնության աջակցության ազգային կազմակերպության» բացասական կարծիքին, որը դատարաններին կոչ է արել չգրանցել նման ամուսնությունները: Արդյունքում շատ դատարաններ հրաժարվել են ամուսնական վկայականներ տրամադրել նույնասսեռականներին:





























