Ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Ֆիլ արջամկան հանդեպ՝ քաղաքացիներին մոլորության մեջ գցելու համար: Այս մասին գրում է The Washington Post-ը:

«Մենք՝ Մերիմաքի ոստիկանությունը, կարծում ենք, որ հասարակությանը պետք է տեղեկացնել, որ փաքսթոնյան Ֆիլը հետախուզման մեջ է: Մենք դժգոհություններ ենք ստացել, որ այդ փոքրիկ պորտաբույծը թաքնվում է տաք եւ հարմարավետ բնում: Նա ասաց, որ ձմեռը 6 շաբաթ է տեւելու, սակայն մոռացավ հստակեցնել, որ այդ ընթացքում ձյան սարեր են թափվելու»,- հաղորդվում է ոստիկանության Մերիմաքի դեպարտամենտի Facebook-յան էջում:

Ըստ Gazeta-ի, ոստիկանները խոստացել են հեռացնել հանցագործին, իսկ մինչ այդ, քաղաքացիներին խորհուրդ են տվել չմոտենալ արջամկանը, քանի որ նա «զինված է եւ վտանգավոր»:

Արջամկան օրն ԱՄՆ-ում նշվում է փետրվարի 2-ին: Համարվում է, որ այդ օրը հարկավոր է հետեւել իր բնից ելնող արջամկանը, եւ նրա պահվածքից ելնելով՝ դատել գարնան գալուստի մասին: Եթե օրը մռայլ է, արջամուկը չի տեսնում իր ստվերն ու հանգիստ դուրս է գալիս բնից, իսկ դա նշանակում է, որ ձմեռը շուտով կավարտվի: Իսկ եթե օրն արեւոտ է, արջամուկը տեսնում է իր ստվերը եւ նորից բույն վերադառնում. դա նշանակում է, որ ձմռանը 6 շաբաթ կա: