ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարությունը թույլատրել է երկրի տարածքում արտադրել գենետիկորեն մոդիֆիկացված խնձորներ, որոնք չեն սեւանում կտրելուց կամ վնասվելուց: Նման պտղով ծառեր աճեցնում է կանադական Okanagan Specialty Fruits ընկերությունը, որը ծրագրում է տնկիները վաճառել գյուղատնտեսներին:

Ընկերությունում հույս ունեն, որ նրանց նորարարությունը թույլ կտան բարելավել խնձորների ապրանքային տեսքը՝ մասնավորապես, երբ դրանք կտրատված են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միեւնույն ժամանակ, գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների հակառակորդները պնդում են, որ դա կարող է «բացասական ազդել խնձորների հեղինակության վրա», որոնք հայտնի են որպես համեղ, սնուցող եւ օգտակար մրգեր: Ըստ նրանց, մարդկանց կարող է մտահոգել խնձորների օգտակարության հարցը:

ԱՄՆ-ում չի արգելվում ներկրել գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ, իսկ վերջերս գյուղատնտեսության նախարարությունը թույլատրել էր դաշտերում նման կարտոֆիլ աճեցնել: