Wellcome Collection թանգարանը 1787-1788 թվականներին հրատարակված լոնդոնյան մարմնավաճառների կատալոգ է ձեռք բերել: Ըստ The Guardian-ի, Harris's List of Covent Garden Ladies անվանումով երկու գրքում ներկայացված է Քովենթ Գարդեն ժամանցի շրջանում աշխատող կանանց ցանկը՝ նրանց անուններով կամ կեղծանուններով, հասցեներով եւ արժեքով: Հեղինակն անհայտ է: Հրատարակությունները պահվելու են թանգարանի հատուկ բաժնում:

The Guardian-ը նշում է, որ առաջին անգամ կատալոգը հրատարակվել է 1757 թվականին եւ գրեթե 30 տարի անընդհատ թարմացվել: Պատմաբանները ենթադրում են, որ Մեծ Բրիտանիայում եւ նրա սահմաններից դուրս կարող էր գրքի շուրջ 250 հազար օրինակ տարածվել:

Կատալոգում նաեւ պարզաբանումներ կան: Օրինակ՝ կանանցից մեկի անվան դիմաց նշված է, որ նա ֆլեյտա է նվագում: Ըստ Lenta-ի, փորձագետները պարզաբանում են, որ հրատարակությունը կարող էր մեծ ճանաչում վայելել XVIII դարի երկրորդ կեսին:

Կատալոգը տեսնել ցանկացողները պետք է թանգարանին հատուկ հարցում ուղարկեն: Բայց այն նաեւ թվայնացվել է եւ հրապարակվել Wellcome Library գրադարանի կայքում: