Այն պահից ի վեր, երբ ծագումով հայ ֆրանսիացի ամենահայտնի երգահան Շառլ Ազնավուրը հաստատվեց Մուրիե փոքր քաղաքում (Պրովանս), այդ շրջանում հայտնվեց Հայաստանի մի մասնիկը։ Բացի տաղանդավոր դերասան լինելուց, նա նաեւ մեծ հայրենասեր է, որը միշտ կանգնած է Հայաստանի կողքին։
Նա 90 տարեկան է, եւ չի էլ մտածում թոշակի անցնելու մասին. ընդհակառակը, նա լի է Հայոց ցեղասպանությանը վերաբերող գաղափարներով ու նախագծերով, որոնց մասին նա վերջին ժամանակներս մշտապես խոսում է տարբեր ռադիո եւ հեռուստահաղորդումների եթերներից։ Շուտով ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի եթերում կցուցադրվի «Ազնավուրի պատմությունը 2015» փաստագրական ֆիլմը։ Այս ֆիլմին նվիրված ռադիոհաղորդումները կհեռարձակվեն Փարիզի, Լիոնի, Վիեննայի, Վալանսի եւ Մարսելի հայ-ֆրանսիական ռադիոկայաններով։ Ֆիլմը կցուցադրվի Մարսելում ապրիլի 25-ին Festival du Livre Franco-Arménien փառատոնի ժամանակ։ Այս մասին գրում է La Provence պարբերականը, որը զրուցել է աշխարհահռչակ շանսոնիեի հետ։
Ձեր ծնողները Ֆրանսիա են տեղափոխվել 1923թ.։ Ինչպես՞ է դա եղել։
Ես ինքս չգիտեմ։ Նրանք ժամանել են Հունաստանից։ Նրանց առաջին ֆրանսիական քաղաքը Մարսելն էր։ Այն հայերը, որոնք քիչ թե շատ տեղաշարժվելու հնարավորություն ունեին, տեղափոխվում էին Վալանս կամ Փարիզ։
Նրանք Ձեզ պատմե՞լ են, թե ինչպես են փրկվել Ցեղասպանությունից։
Ոչ։ Ես գիտեմ միայն, որ հայրս ռուսական անձնագիր ուներ, ինչը նրան հնարավորություն էր տվել իտալական նավ նստել։ Երբ թուրք զինվորները նրա հետեւից նավ էին բարձրացել, հայրս ասել էր. «Դուք միջազգային տարածքում եք գտնվում։ Դուք Թուրքիայում չեք»։ Նրանց հանգիստ էին թողել, եւ նրանք շատ այլ ներգաղթյալների նման Եվրոպա էին ժամանել Սալոնիկի տարածքով։
Նրանք պատմե՞լ են Ձեզ հենց Ցեղասպանության մասին։
Ոչ։ Մայրս մշտապես ողբում էր իր ընտանիքի անդամների մահը, սակայն կարիք չկար մեզ պատմել այն, ինչը մենք ինքներս հասկանում էինք։
Երբ նրանք ժամանեցին Ֆրանսիա, ցանկանու՞մ էին արդյոք մշտական բնակություն հաստատել այստեղ։
Ոչ։ Նրանք ցանկանում էին մեկնել Ամերիկա, սակայն դրա համար տեղաշարժի իրավունք էր անհրաժեշտ, ինչը նրանք չունեին։ Իսկ հետո նրանք Ֆրանսիայում բնակվելու իրավունք ստացան, հարմարվեցին երկրին եւ այլեւս չէին մտածում հեռանալու մասին։ Իմ ծնունդը չէր, որ 1924թ. պահեց նրանց այստեղ. նրանք սիրեցին այս երկիրը։
Նրանք պահպանե՞լ էին հայկական ավանդույթները։
Սկզբում հայրս գումար էր վաստակում ներգաղթյալների համար երգելով։ Նա երգում էր ռուսերեն, հայերեն, իդիշ։ Նա հայկական պարահանդեսներ էր կազմակերպում, ինչը հնարավորություն տվեց նրան ռեստորան բացել։ Հավանաբար, նա այն ժամանակ լավ էր վաստակում։ Սակայն մեր ծնողները մեզ չէին պարտադրում հայկական ավանդույթները, բայց եւ չէին արգելում հետեւել դրանց։
Դուք առաջին անգամ Հայաստան այցելեցիք 1963թ.։ Ինչու՞՚ այդքան ուշ։
Անկեղծ ասած՝ մենք երջանիկ էինք, որ կոմունիստական կարգերը հասել են Հայաստան, քանի որ կոմունիզմը պաշտպանեց Հայաստանը։ Ճիշտ է, նրանք, ովքեր մշտական բնակություն Հաստատեցին Հայաստանում 1947թ. իրենց կյանքի վերջին օրերը «Գուլագներում» անցկացրեցին։ Այսինքն՝ այս փայտը երկու կողմ ուներ, բայց, ինչպես ասում են Չինաստանում, «նրանք գոնե իրենց հասանելիք մեկ բաժակ բրինձն ունեին»։ Ես Հայաստանն ավելի լավ ճանաչեցի այն ժամանակ, երբ երկիրը դժվարությունների առաջ կանգնեց։ Այդ ժամանակ ես արթնացա։ Ես ասացի ինքս ինձ. «Դու հնարավորություն ունես քո պատմական հայրենիքի համար ինչ-որ բան անել»։ Ծանոթներս ինձ հարցնում էին. «Դու վերադառնում ես հայրենի՞ք»։ Ես պատասխանում էի, որ իմ հայրենիքը Ֆրանսիան է։ Ծանոթներս դեռ երկար կատակում էին այդ կապակցությամբ։
Հայրս ֆրանսիայի քաղաքացիություն ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Նա Դիմադրության ակտիվ մասնակիցներից էր, ինչը նրան Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու հնարավորություն տվեց։ Ծնողներս քաղաքացիություն ստացան, սակայն դա հեշտ չէր։ Քույրս չստացավ քաղաքացիություն, քանի որ ծնվել էր Հունաստանում։ Նա այժմ Կանադայի քաղաքացի է։ Հայրս բանակում խոհարար էր աշխատում։ Այդ դասակում հիմնականում ծառայում էին հրեաներ, ռուսներ եւ հայեր, եւ նա նրանց համար ոչ թե ֆրանսիական կերակուրներ էր պատրաստում այլ այն, ինչ նրանց դուր էր գալիս։ Նա նաեւ հաճախ երգում էր նրանց համար։ Պատերազմից հետո հայրս գլխավորեց Jeunesse arménienne de France (Ֆրանսիայի հայ երիտասարդություն) կազմակերպությունը եւ հիմնականում օգնում էր որբերին։





























