Գրող Ջորջ Մարտինը «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին նախազգուշացրել է, որ նոր՝ հինգերորդ սեզոնում անսպասելի մահեր են հնարավոր: Այս մասին գրում է Showbiz 411-ը:

Սցենարիստների համքարության մրցանակաբաշխության արարողությունից հետո Մարտինը պատմել է, որ սերիալի հեղինակները որոշել են «սպանել» մի քանի կերպարների, որոնք իր «Սառույցի եւ բոցի երգը» շարքում ողջ են մնում: «Կարծում եմ՝ նրանց, ովքեր կարդացել են իմ գիրքը, դա կտխրեցնի: Բայց պրոդյուսերներն ինձանից ավելի արյունարբու են»,- նշել է գրողը:

Ըստ Gazeta-ի, Ջորջ Մարտինը նաեւ տեղեկացրել է, որ յոթ սեզոն նկարահանելու նախնական ծրագիրը կարող է փոխվել: «Շուտով հինգերորդ սեզոնն է լինելու, HBO ալիքը վեցերորդի մասին հայտարարել է անցյալ տարի: Ո՛վ գիտե, գուցե կլինեն նաեւ յոթերորդ, ութերորդ, իններորդ սեզոններ»,- ասել է Մարտինը: