Հանրապետական կուսակցությունը որոշել է Արմավիրի քաղաքապետի ընտրություններին որեւէ մեկին չսատարել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ Արմավիրի տարածքային կառույցը որոշում է կայացրել որեւէ մեկին չսատարել: «Մեծ մասը մեր կուսակցության անդամներն են, դաշտը բաց ենք թողել, թող պայքարեն, լինի ազատ, անկախ ընտրություն, ում կընտրեն, թող ընտրվի»,-ասաց ՀՀԿ-ականը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 18.00-ին, ավարտվել է թեկնածուներին գրանցելու ժամկետը, ըստ այդմ՝ առաջադրված բոլոր թեկնածուներն էլ գրանցվել են: Նրանք ինքնաբացարակի մասին դիմում կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, 18.00: Նախընտրական քարոզչությունը անց է կացվելու փետրվարի 25-մարտի 13-ը:

Նշենք, որ մարտի 15-ին կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում  առաջադրվել է 5 թեկնածու, ավելին՝ ՀՀԿ անդամնրը առաջադրվել են միմյանց դեմ: Բացի Արմավիրի գործող քաղաքապետ,Ռուբեն Հայրապետյանի խնամի՝ Ռուբեն Խլղաթյանից՝ ընտրություններին առաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի անկուսակցական որդին Արտակ Գեւորգյանը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Ընտրություններին ինքնառաջադրվել է նաեւ ՀՀԿ-ական, Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը: Այսքանով սակայն առաջադրված ՀՀԿ-ականների ցուցակը չի ավարտվում: Իր թեկնածությունն է առաջադրել նաեւ «Պարիտետ Ինվետս» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը: Ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Էդվարդ Վարդումյանը: