Ղպտիական ուղղափառ եկեղեցու պատրիարք Թավադրոս 2-րդը հայտարարել է, որ Լիբիայում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սպանված քրիստոնյաները դասվել են սրբերի շարքը, եւ  նրանց պատվին նոր տաճար է կառուցվելու։ Այս մասին գրում է KAI կաթոլիկ գործակալությունը։

Սրբերի հիշատակման օր կհամարվի ղպտիական ամշիր ամսվա 8-րդ օրը (փետրվարի 15), երբ ԻՊ խմբավորմանը պատկանող ինտերնետային կայքերում հայտնվեց 21 եգիպտացի քրիստոնյաների մահապատժի տեսանյութը։ Watani շաբաթաթերթը հրապարակել է սպանված 21 ղպտիներից 20-ի անունները, իսկ 21-րդ նահատակի անունը դեռեւս անհայտ է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Եգիպտոսի կառավարությունը որոշում է կայացրել Սամալութ գյուղում տաճար կառուցել՝ ի հիշատակ նահատակների։ Իշխանությունները խոստացել են զոհվածների ընտանիքներին ամսական 1.5 հազար եգիպտական ֆունտ թոշակ վճարել(172 եվրո)։ Նշենք, որ Եգիպտոսում նվազագույն աշխատավարձը կազմում է ամսական 1.2 հազար ֆունտ։