Charlie Hebdo ֆրանսիական շաբաթաթերթի՝ խմբագրատան ահաբեկչությունից հետո լույս տեսած 2-րդ համարը Ֆրանսիայում այնպիսի մեծ իրարանցում առաջ չի բերել, ինչպիսին որ առաջացրել էր շաբաթաթերթի նախորդ համարը։ Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, թերթի կրպակների բացումից մեկ ժամ անց պարբերականի նմուշները շարունակում են մնալ ցուցափեղկերին, իսկ ընթերցողները հերթ չեն կանգնում այն ձեռք բերելու համար։
Նշենք, որ ահաբեկչությունից հետո շաբաթաթերթի առաջին համարը, որը ստացել էր «ողջ մնացածների համար» անունը, լույս էր տեսել հունվարի 14-ին եւ այնպիսի մեծ իրարանցում էր առաջ բերել, որ պլանավորած 1 մլն տպաքանակի փոխարեն տպագրվել էր 8 մլն տպաքանակով։ Շաբաթաթերթը գնելու համար մարդիկ կրպակների մոտ հերթ էին կանգնել առավոտյան ժամը 6-ից, սակայն միեւնույնն է, ոչ բոլորին էր հաջողվել գնել նոր համարը։
Երկրորդ համարը լույս է տեսել 2.5 մլն տպաքանակով։ Շաբաթաթերթի շապիկին կարմիր ֆոնի վրա արված սեւ եւ սպիտակ նախշեր։ Շապիկին պատկերված է Հռոմի պապը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, ֆրանսիական BFMTV հեռուստաընկերության բարձրախոսն ու տեսախցիկը, ինչպես նաեւ ատամներով Կալաշնիկովի ինքնաձիգ բռնած մի շուն։





























