Երեւանի Նուբարաշեն թաղամասում 2014թ.-ի հունիսի 1-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ արդեն 9 ամիս հետախուզման մեջ գտնվող՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղորորդին ամենայն հավանականությամբ առաջիկայում կներկայանա ոստիկանություն: NEWS.am-ի հետ զրույցում մեղադրյալի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հայտնեց, որ չի բացառվում՝ Սեդրակ Օսիպյանը ներկայանա մինչեւ մարտի վերջ:
«Առաջիկա օրերին կստանանք հեռախոսային խոսակցությունների հետ կապված փորձաքննությունների եզրակացությունները, որից հետո կլինեն քննչական գործողություններ՝ առերեսումներ, իսկ այդ ընթացքում էլ պաշտպանյալս կներկայանա»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ փորձաքննությունների եզրակացությունները լուրջ փոփոխություններ են մտցնելու գործի ընթացքի մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գտնվում է հետախուզման մեջ:





























