Անցյալ ուրբաթ սպանված ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստր Ժաննա Նեմցովան The Times-ի հարցազրույցում պատմել է, որ իշխանության ներկայացուցիչները մինչեւ հիմա հանգուցյալի որեւէ մտերիմ ազգականի հետ կապ չեն հաստատել: Նա վստահ է, որ սպանությունը հոր քաղաքական գործունեության համար վրեժ էր, եւ կասկածում է, որ հանցագործներին պատասխանատվության կենթարկեն:
«Գիտեմ, որ շատերն էին նրան սիրում: Ես նրան սիրում էի ավելի, քան որեւէ մեկին,- Նեմցովայի խոսքերն է մեջբերում The Times-ը:- Հիմա ինձ համար շատ դժվար է: Ինձ թվում է, որ ուժեղ եմ, ինչպես իմ հայրը, բայց, իհարկե, ոչ միշտ: Ես ընտրություն չունեմ, քանի որ այլեւս հայր չունեմ»:
«Նրանք չէին կարող նրան բանտ նետել, քանի որ շատ ազնիվ մարդ էր… Չէին կարողանում առիթ գտնել… Կարծում եմ՝ դա քաղաքական մոտիվներով պատվիրված սպանություն էր… Ինչ-որ մեկին մեղադրելու համար ապացույցներ են պետք, իսկ ես ոչ մի ապացույց չունեմ: Դա պարզապես իմ զգացողությունն է, բայց վստահ եմ, որ նա սեփական սկզբունքների եւ արարքների զոհը դարձավ: Ինձ հայտնի է, որ պաշտոնատար անձինք կարծիք են հայտնել, որ նա վտանգավոր չէր, բայց այդ դեպքում ինչո՞ւ սպանել ընդդիմության առաջնորդի, եթե նա վտանգավոր չէր»,- աղջկա խոսքերն է փոխանցում Inopressa-ն:
«Կարծում եմ՝ այդ դաժան եւ անամոթ սպանությունից հետո ռուսական ընդդիմությունը գլխատվեց: [Նախկինում] մարդիկ վախենում էին, իսկ հիմա 100 անգամ ավելի շատ են վախենում… Ես որեւէ վստահություն չունեմ [պաշտոնական հետաքննության վրա]: Ո՛չ մայրս, ո՛չ տատիկս, ո՛չ ես, ո՛չ հորս քույրն ու եղբայրը, ո՛չ նրանց երեխաները մինչեւ հիմա որեւէ կապ չեն ունեցել [հետաքննության հետ] »,- ասել է Նեմցովան:
Ըստ The Times-ի, Բորիս Նեմցովը «սպանվելու պահին Ռուսաստանի ամենից նշանակալի այն ընդդիմադիր գործիչներից էր, որը չէր ձերբակալվել եւ կամավոր վտարանդիության մեջ չէր արտերկրում»:





























