Երեւանի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրենը, հաշվապահն ու գանձապահը մեղադրվում են պետական բյուջեից յուրացում կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ պոլիկլինիկայի հաշվապահ Ասպրամ Եղիազարյանը, 2006-2009թթ. խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 21 մլն 911 հազար ՀՀ դրամ գումար: Բացի դրանից՝ Ասպրամ Եղիազարյանը եւ գանձապահ Սուսաննա Սարիբեկյանը օժանդակել են պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Սահակյանին պետական բյուջեից յուրացնել ընդհանուր 3 մլն 951 հազար ՀՀ դրամ:

Ասպրամ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գագիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Սուսաննա Սարիբեկյանին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ասպրամ Եղիազարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: