Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցներից վիրավորվածներից երեքին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երեւան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրիի բժշկական կենտրոնից։

Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)

Ըստ այդմ, այս պահին տուժածներից 3-ը գտնվում են Գյումրիի բժշկական կենտրոնում, եւս մեկին արդեն դուրս են գրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ:

Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեվորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ:

ԳԱԼԱ-ն հայտնում է, որ 6 քաղաքացիներից երեքի վիճակը խիստ ծանր է։ Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից:

Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԲՀԿ֊ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջեւ: