«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պատգամավորներ Մուրադ Գուլոյանի եւ Աբրահամ Մանուկյանի, ինչպես նաեւ Սիսիանի, Նոր Հաճնի քաղաքապետերի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին դիմումներ չեն ստացել: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կա հստակ ընթացակարգ, եթե ինչ-որ մեկը ցանկանում է հեռանալ կուսակցությունից, ապա նա պիտի դիմում ներկայացնի կամ կուսակցության նախագահին, կամ աշխատակազմի ղեկավարին, կամ քաղաքական խորհրդի նախագահի տեղակալին, կամ էլ կուսակցության քարտուղարին, իսկ այդ անձինք դիմում չեն ստացել: Ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանի՝ ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին լուրերին, նա նշեց, որ  դա բացառվում է, Վահե Հովհաննիսյանը անկեղծորեն շահագրգռված է, որ ԲՀԿ-ն շարունակի իր գործունեությունը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք ստացել են Գրիգոր Մարգարյանի, Դավիթ Քոչարյանի, Մուշեղ Պետոյանի, Արագած Ախոյանի, Մարտուն Գրիգորյանի, Ռուստամ Գասպարյանի, Հարություն Ղարագյոզյանի դիմումները, այլ դիմում կուսակցությունը չի ստացել: «Բոլոր մեր գործընկերները շատ բարեկիրթ ձեւով եկել են, իմ հետ զրուցել են, նրանց գերակշիռ մեծամասնության հետ զրուցել եմ, հաջողություն մաղթել իրենց նոր առաքելությունում, որեւէ խնդիր չկա: Իրենք գտնում են, որ որպես անկախ պատգամավորներ շատ ավելի արդյունավետ կարող են աշխատել, քան որպես ԲՀԿ անդամներ, ես սա ասում եմ ամենայն անկեղծությամբ՝ բոլորին մաղթում եմ հաջողություն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա շեշտեց, որ ԲՀԿ-ում մնացածները պատասխանատվություն ունեն իրենց ընտրողների առջեւ եւ առաջիկայում նոր քաղաքական ծրագրով եւ մարտավարությամբ ԲՀԿ-ն ներկայանալու է հանրությանը: ԲՀԿ ղեկավարի խոսքով՝ կարճ ժամանակում բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ եւ մտավորականներ արդեն իսկ ցանկություն են հայտնել անդամակցել ԲՀԿ-ին, սակայն Նաիրա Զոհրաբյանը նրանից խնդրել է մի քիչ ժամանակ ներկուսակցական խնդիրները կարգավորելու համար: Արդեն սկսել են վերանորոգման աշխատանքները Հանրապետության փողոցի վրա գտնվող շենքում, որտեղ տեղակայված է «Ազգ» թերթի խմբագրությունը եւ առաջիկայում կուսակցության աշխատակազմը կտեղափոխվի այնտեղ եւ կզբաղեցնի առաջին եւ երկրորդ հարկերը:

Մեկնաբանելով տարածքային որոշ կառույցների լուծարման մասին տեղեկությունները՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նախ տարածքային կառույց լուծարելը այդպես հեշտ բան չէ, ամեն կառույցում 9-10 հազար մարդ կա, նրանց բոլորի դիմումն է պետք կառույցը լուծարելու համար, իսկ նման բան ուղղակիորեն չի կարող լինել: Չի կարող լինել, որ կուսակցությունը լքելու վերաբերյալ 9-10 հազար հոգի մի կառույցում դիմում գրի:

ԲՀԿ առաջնորդը նշեց նաեւ, որ այժմ աշխատում են կուսակցության նոր մարտավարության, ծրագրի վրա: «Որեւէ սադրանք կամ պրովոկացիա, որեւէ խմբակի գործողություններ, որը ուղղված է մեզ սադրելու, իրենց նպատակին չի հասնելու: Քաղաքական թիմի եւ խմբակցության մեր մյուս գործընկերները մեր կողքին են, մեզ հետ,  որովհետեւ մենք պատասխանատվություն ունենք մեր ընտրողների առաջ: Մենք ամեն օր հավաքվում ենք, քննարկում անելիքները, իսկ եթե անգամ լինեն տարածքային խորհուրդներ, որոնք կլուծարվեն, դա էլ ողբերգություն չէ, այդպես էլ կարող է լինել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: