Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթն ապացուցեց, որ նրա միակ նպատակն այս պահին հրապարակում մնալն է: Այսօր՝ մարտի 9-ին, նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այլեւս չի մնացել մի բան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձած չլինի:

«Առաջին նախագահը քաղաքական դիսկուրսների մեջ էր տարբեր ուժերի հետ, իսկ այժմ բոլոր զինակիցների հետ կամուրջներն այրված են, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է ՌԴ-ին ցույց տալ, որ միակ լոյալ ուժը Հայաստանում իրենք են»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ ընդդիմության դաշտն այսօր ազատ է մնացել. տարբեր ուժեր փորձում են զբաղեցնել ռադիկալ ընդդիմության տեղը՝ չհասկանալով, որ դա միայն հիասթափություն է առաջացնում. «Քաղաքական մեծամտություն է դարձել՝ Սերժիկ հեռացիր, Ռոբ հեռացիր: Այս ամբողջը միայն հիասթափություն է առաջացրել: Բայց կարծում եմ, որ Ազատության հրապարակն ազատ չի մնա: Իշխանության համար էլ է կարեւոր հասկանալ, թե առաջիկա ընտրություններին ով կզբաղեցնի այդ տեղը»:

Նշենք, որ մարտի 1-ին առաջին նախագահը խոսել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» եւ վերջին ներքաղաքական իրադարձությունների մասին: