Թուրքիայում մոտեցող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 2-րդ հայ կինն է պատգամավոր դառնալու համար դիմում ներկայացրել։
Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Սուրբ հակոբ հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն եւ Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգեւոր առաջնորդ Լեւոն Զեքիյանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թալին Էրգյունեշ Գազերը դիմել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցություն՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար։
Եթե CHP-ն հայուհուն ներկայացնի պատգամավորի թեկնածու եւ Գազերը ընտրվի, նա կդառնա CHP-ի առաջին հայ կին պատգամավորը։
Թալին Էրգյունեշ Գազերը ծնվել է 1977-ին, Ստամբուլում։ Սովորել է հայկական Մխիթարյան վարժարանում, որից հետո ուսումը շարունակել է Անադոլու համալսարանի տուրիզմի բաժնում։ Ամուսնացած է եւ ունի մեկ երեխա։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի հայերից Նվարդ Բաքըրջըօղլուն դիմել էր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն՝ Վանից պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար։
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2015-ի հունիսի 7-ին։




























