Ճիշտ չէ միանշանակ հայտարարել, որ Հայաստանում ընդդիմությունը ոչնչացված է: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ում տեղի ունեցող փոփոխություններին, պատգամավորը նշել է. «Թեեւ իրավիճակը արագ փոխվեց, կուսակցությունն ունի նոր նախագահ՝ Նաիրա Զոհրաբյանը, իսկ իրենց թիմը երիտասարդ եւ եռանդով լի թիմ է, որը կարող է շատ բան փոխել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական իրադարձությունների շրջանակում պետք է երկրի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծվեն: Դա պետք է նախաձեռնեն քաղաքական ուժերը՝ առաջարկելով իրենց ծրագրերը»,-ասել է Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա ընդդիմությունն այն ընդդիմությունը չէ, որ գոյություն ուներ փետրվարի 20-ին: «Միաժամանակ ճիշտ չէ պնդել, որ ներկայումս երկրում ընդդիմություն չկա: Մինչեւ փետրվարի 20-ը եղել են տարբեր քաղաքական ուժեր, որոնք անկախ իրենց գաղափարական նախընտրություններից փորձում էին միասին որոշակի ճանապարհ անցնել: Հիմա խնդիրը մեկն է՝ Հայաստանում պետք է ձեւավորվի երկրի զարգացման գաղափարախոսություն ունեցող նոր բեւեռ, որն ունակ կլինի հիմնավոր հայտ ներկայացնել բոլորիս համար այլ ապագա կերտելու հարցում»,-ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ դրանք եվրոպական ուղին ընտող քաղաքական ուժերն ու գործիչներն են:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ԲՀԿ-ում կա երիտասարդ, ունակ թիմ, որն ի վիճակի է աշխատել: