NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում բրիտանացի լրագրող եւ գրող, Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալի հարցազրույցը:

Վերջերս ներկայացրեցիք «Մեծ աղետ. հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերում» անվանումով  Ձեր նոր գիրքը: Հարցազրույցներից մեկում նաեւ նշել եք, որ ցանկանում եք լրացնել գրականության մեջ առկա բացն այն հարցերի շուրջ, որոնք հենց Ձեզ են հետաքրքրում: Դուք բազմաթիվ մարդկանց հետ եք զրուցել, արխիվներ եք ուսումնասիրել: Ի՞նչ նոր բան եք բացահայտել հայ-թուրքական հարաբերություններում:

Ուսումնասիրության եւ գիրքը գրելու ընթացքում ես բազմաթիվ նոր բաներ իմացա, կարծում եմ՝ կիմանան նաեւ ընթերցողները: Իհարկե, ես առաջին հետազոտողը չեմ, որն ուսումնասիրում է այդ թեման: Նշեմ Թաթուլ Հակոբյանի փայլուն աշխատանքը «Հայերն ու թուրքերը» վերջին գրքում: Կարող եմ նաեւ մի քանի գրողների հիշատակել ԱՄՆ-ից:

Բայց երկու փաստ նշեմ: Առաջինը 1977 թվականին Թուրքիայի ԱԳ նախարար Սաբրի Չագլայանղըլի եւ հայկական երեք կուսակցությունների ղեկավարների միջեւ Ցյուրիխում կայացած հանդիպումն է: Այդ մասին նշել են հայկական հուշագրություններում, սակայն ես առաջին անգամ հանդիպման մասին վկայող թուրքական աղբյուր գտա՝ նախարարի օգնական Օքթայ Աքսոյին, ով դեռեւս ողջ է եւ ապրում է Անկարայում:

1977 թվականը ես դիտարկում եմ որպես «բաց թողնված հնարավորությունների» պատմություն: Հայերին եւ թուրքերին հաջողվել է հանդիպել եւ խոսել, բայց չի հաջողվել համապատասխան մեխանիզմ գտնել կամ շարունակել երկխոսությունը: Մեկ այլ հարց, որը, իմ կարծիքով, շատ կարեւոր է եւ մեծ ուշադրության է արժանի, Թուրքիայի «իսլամացած հայերն են»:

Թուրքիայում մահմեդական անուններով մի քանի հազար մարդ է ապրում, որոնք որպես թուրք կամ քուրդ են մեծացել, բայց գիտակցում են իրենց հայկական ինքնությունը ծնողների կամ պապիկների ու տատիկների միջոցով, որոնք 1915 թվականից հետո ողջ են մնացել եւ դաստիարակվել են մահմեդական ընտանիքներում: Գրքի ուղղությամբ աշխատելիս ես նման մի քանի մարդու հանդիպել եմ Դիարբեքիրում: Նրանք գիտեն, որ հայ են եւ հիմա կարող են խոսել այդ մասին, բայց հազիվ թե ծանոթ են իրենց մշակույթին ու լեզվին: Թուրքիայում միախառնված արմատներով բազմաթիվ մարդիկ կան: Ինչպե՞ս կոչել նրանց: Ի՞նչ կարելի է անել նրանց համար: Դա մեծ մարտահրավեր է, որին դեռեւս պետք է դիմակայել:

Ինչ եք կարծում, արդյո՞ք կարող է որեւէ բան Թուրքիային ստիպել փոխել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ վերաբերմունքը: Արդյո՞ք հնարավոր է դա անել արեւմտյան երկրների ճնշմամբ:

Կարծում եմ՝ Թուրքիայում շատ բան է փոխվել, եւ շատ հայեր չեն նկատել դա: Փոփոխություններն արտաքին ճնշման հետ քիչ կապ ունեն՝ բացի 2000 թվականներին Եվրամիության հետ մերձեցման արդյունքից: Դա ավելի շատ կապված է թուրքական հասարակության «հասունացման» հետ, որտեղ հիշվում է օսմանյան ժամանակների բազմամշակութային ինքնությունը: Քրդերը մեծ դեր են կատարել այդ այդ գործընթացի առաջխաղացման հարցում: Թուրքիան հիմա սկսում է վերհիշել իր պատմությունը, եւ մտայնությունը, թե պատմությունը սկսվել է 1923 թվականին, ցրվում է: Անցյալ տարվա ապրիլին դեռեւս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերին ցավակցելն այդ մոտեցման նշան է, ինչպես նաեւ հայկական եկեղեցիների բացումն ու փաստը, որ ներկայում Թուրքիայում հրապարակվող գրքերում օգտագործվում է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Իհարկե, հայերի մեծ մասի համար դա շատ դանդաղ գործընթաց է: Եվ ես կասկածում եմ, որ թուրքական կառավարությունը կկիրառի «ցեղասպանություն» բառը: Սակայն հիմա կարելի է երկխոսություն վարել հենց Թուրքիայի հետ եւ քննարկման մեջ ներգրավել նաեւ թուրք հասարակությանը:

Ամեն տարի հայերն ուշադիր հետեւում են ԱՄՆ նախագահի խոսքին՝ հույս ունենալով լսել «ցեղասպանություն» բառը: Ինչ եք կարծում, ի՞նչ տեղի կունենա, եթե Օբաման, ամեն դեպքում, արտասանի «ցեղասպանություն» բառը: Արդյո՞ք դա կհանգեցնի ԱՄՆ քաղաքականության մեջ որոշակի փոփոխությունների, թե՞ պարզապես բառ կլինի:

Ես հասկանում եմ, որ ԱՄՆ-ի հայերը ցանկանում են, որպեսզի իրենց նախագահը «ցեղասպանություն» բառն արտասանի եւ, իհարկե, Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանն ավելի վաղ դա արել է: Բայց ամերիկյան նախագահը մրցակցող քաղաքական պահանջների ճնշման տակ է: Բարաք Օբամայի՝ ապրիլի 24-ի հայտարարությունն ուշադիր կարդալու դեպքում կարելի է հասկանալ, որ այն ամբողջությամբ եւ մտածված կերպով ներկայացնում է էությունը, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ՝ առանց «ցեղասպանություն» բառն օգտագործելու: Արդյո՞ք դա իսկապես այդքան մեծ խնդիր է: Ես համեստորեն ենթադրում եմ, որ այնքան էլ առողջ իրավիճակ չէ, երբ հայերն ԱՄՆ նախագահի վճռին են սպասում, որպեսզի նա ասի այն, ինչի մասին իրենք արդեն գիտեն:

Հայերը բոլորից ավելի լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 1915 եւ 1916 թվականներին, ինչ է պատահել իրենց տատիկների ու պապիկների, նախատատերի ու նախապապերի հետ: Նրանք նաեւ դառը փորձով գիտեն, որ «մեծ տերությունները» հայկական հարցն այնպես են օգտագործել, որը ոչ միշտ է հայերին օգնել: Արդյո՞ք ավելի կարեւոր չեն մտավորականության եւ պատմաբանների հայտարարությունները, քան քաղաքական գործիչների:

Ես չեմ կարծում, որ ԱՄՆ նախագահի կողմից այդ բառի արտասանելը կամ չարտասանելն իրավաբանական ուժ կունենա, ինչպես 1948 թվականի ՄԱԿ-ի Կոնվենցիան՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելման մասին: Բայց, իհարկե, այդ բառի արտասանությունը քաղաքական արդյունք կունենա Թուրքիայում:

Թուրքիայի կառավարությունը որոշել է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին, երբ հայերը նշում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը: Ինչի՞ են փորձում հասնել. ցանկանում են պարզապես շեղե՞լ ուշադրությունը Երեւանում անցկացվող միջոցառումներից, թե՞ ցույց տալ, որ չեն վախենում Արեւմուտքի ճնշումներից:

Կարծում եմ՝ լավ չէ, որ Գալիպոլիի հիշատակի միջոցառումն ապրիլի 24-ին է կայանալու: Օտարերկրյա հյուրերը ստիպված կլինեն ընտրություն կատարել Թուրքիա եւ Հայաստան կատարելիք այցերի միջեւ: Հնարավոր կլիներ արարողությունն այլ օր անցկացնել եւ «պատմական մրցույթ» չհայտարարել: Դա թուրքական իշխանություններից կողմից անզգայնության նշան է: Today's Zaman թերթը վերջերս գրել էր, որ Գալիպոլիի պատվին միջոցառումները չեղյալ են հայտարարել: Հաղորդագրությունը հերքվեց, բայց կարծում եմ, որ դա հաստատումն է այն բանի, որ թուրքական իշխանությունները բավարար թվով հյուրերի այցն ապահովելու հետ կապված դժվարություններ ունեն: Բացի այդ, դա ցույց է տալիս, որ այդ օրը միջոցառում անցկացնելու որոշումը քաղաքական սխալ էր: