Եմենի մայրաքաղաք Սանայից հարավ-արեւելք ընկած Էլ Բեյդա նահանգում վերջին օրերի ընթացքում զինված բախումների հետեւանքով առնվազն 27 մարդ է զոհվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Sky News Arabia հեռուստաընկերությունը։
Ըստ ընկերության տվյալների՝ «Անսար Ալլահ» շարժման 12 շիա ապստամբներ զոհվել են «Ալ Կաիդան Արաբական թերակղզում» (ԱԿԱԹ) ահաբեկչական ցանցի գրոհայինների հետ բախումների հետեւանքով։ Ծայրահեղականների զոհերի քանակը պարզ չէ, գրում է ՏԱՍՍ-ը ։
Եւս 15 մարդ է զոհվել ԱԿԱԹ գրոհայինների երկու հարձակումների հետեւանքով։ Մասնավորապես արմատականները Էզ Զահիր շրջանում հարձակվել են շիա ապստամբներ տեղափոխող փոխադրամիջոցի վրա։
Նշենք, որ Եմենի հարավարեւմտյան եւ հարավային նահանգները «Ալ Կաիդայի» հենակետերն են։ Այն բանից հետո, երբ շիաները իրենց վերահսկողությունն են հաստատել Սանայի հարավային շրջաններում, ԱԿԱԹ գրոհայինները շարունակ բախումների մեջ են մտնում նրանց հետ։





























