2015 թվականի սկզբից պաշտո զբաղեցնելու համար քննությունը չեն հանձնել երեք բաժնի պետեր, երկուսը՝ մարզային վարչակազմերում, երրորդը՝ նախարարություններից մեկում: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, ասուլիսում հայտարարել է Հայաստանի քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է ատեսթացիայի նոր կարգով, ըստ որի եթե պայմանագրով աշխատող պետծառայողը չի հանձնում իր պաշտոնի հերթական քննությունը, պայմանագիրը չեղյալ է համարվում, իսկ տվյալ անձը զրկվում է այդ պաշտոնը զբաղեցնել մինչեւ հաջորդ քննությունը:
Բադալյանը նշել է, որ վատ պատրաստված պաշտոնյաներից մեկը Սյունիքի մարզպետարանի բաժնի պետերից է: Հարցին, թե Սյւոնիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի՞ փորձել պաշտպանել իր աշխատակցին, Բադալյանը պատասխանել է, որ նման բան տեղի չի ունեցել:
«Չպետք է մտածել, որ մարզպետները կամ առավել եւս երկրի բարձրագույն ղեկավարությունը ցուցումներ է իջեցնում ամենասովորական ծառայողական տեղի համար»,-նշել է Բադալյանը:





























